Դեպի վեր
Նորություններ

27.12.2017

Օրենսդրական ապահով դաշտ գնահատողների համար


ՀՀ կառավարություն կներկայացվի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը

 

Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կազմակերպվել էին աշխատանքային հանդիպում-քննարկումներ Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեություն իրականացնող որակավորված գնահատողների և ՀՀ ԿԱԱԳԿՊԿ նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի հետ՝ քննարկելու «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացնելու իրենց նկատառումներն ու առաջարկությունները:

Գնահատման ոլորտում կայուն դիրք զբաղեցնող, փորձառու որակավորված գնահատողներից և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ժամանակին իրականացված քննարկումների, առաջարկությունների ու ճշգրտումների հիման վրա ներկայացված փոփոխությունները, վիճահարույց դրույթներն ու քննարկումների ընթացքում տարակարծություններ առաջացրած հարցերը հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս վերանայվեցին:

Մասնավորապես, կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձավ գնահատման շուկայում առկա այն բացթողումներին ու թերություններին, որոնք այսօր կան և ակնկալվում է, որ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունը հնարավորինս կկարգավորի այդ հարաբերությունները:

ՀՀ ԿԱԱԳԿՊԿ նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը աշխատանքային հանդիպումների մասնակիցներին հավաստիացրեց, որ օրենքում նախատեսված փոփոխություններն իսկապես բարենպաստ և օրենքով կարգավորվող միջավայր կստեղծեն շուկայում գործունեություն իրականացնողների համար: Նախատեսվում է ընդլայնել գնահատման օբյեկտները՝ ներառելով նաև շարժական գույքի, գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների գնահատումը, որը մինչև այսօր օրենսդրական որևէ կարգավորման չէր ենթարկվում:

Փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել պարտադիր գնահատման դեպքերը, գնահատողներին դասակարգել եռաստիճան համակարգում, կազմակերպության գործունեության ապահովագրություն հնարավոր դրամական վնասից, սահմանել կազմակերպությանը և կազմակերպության տնօրենին վերաբերող պարտադիր պահանջներ: Նախատեսվում է ստեղծել նաև հատուկ ծրագիր, որտեղ որակավորված գնաատողների կողմից կներբեռվեն գնահատման հաշվետվությունները, ինչը հնարավորություն կտա հրաժարվել թղթային հաշվետվություններից:

Ընդունվեցին առաջարկություններ, որոնք վերաբերում էին մասնավորապես գնահատման կազմակերպությունների տնօրենների որակավորմանը, ինչպես նաև կազմակերպությունների ապահովագրության համար նախատեսված նվազագույն վճարներին:

Հավելենք, որ գնահատման շուկայի մասնակիցներն իսկապես ողջունեցին ՀՀ ԿԱԱԳԿՊԿ կողմից ներկայացված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը՝ նկատելով նաև, որ այն հնարավորինս կկարգավորի ոլորտում առկա բացթողումները և  կհստակեցնի օրենսդրական դաշտը: