Դեպի վեր
Նորություններ

15.01.2018

ՏԵՂԵԿԱՆՔ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման ցանկերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ


Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից նախատեսվել է կատարել 2017 թվականի միջոցառումների ծրագրի` 82-րդ, 83-րդ և գերակա խնդիրների` 74-րդ, 75-րդ, 104-րդ և 105-րդ (74-րդ և 75-րդ կետերը Հայաստանի Հանրապետության կառավարության 24.08.2017թ. N 1105-Ն որոշմամբ փոխվել են 104-րդ և 105-րդ կետերի) կետերով նախատեսված միջոցառումները:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի`

 

82-րդ կետով տրված հանձնարարականի միջոցառման անվանումն է` «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2017 թվականի կադաստրային գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` 2017թ. մարտի 3-րդ տասնօրյակում: Հանձնարարականը կատարված է ժամկետում, որի կապակցությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 30.03.2017թ. N 311-Ն որոշումը:

Որոշմամբ ՀՀ հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության հողերի, 2017 թվականի կադաստրային գները սահմանվել են ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմուներով սահմանված չափերով, որով ձևավորվել են ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի 2017 թվականի հարկման բազաները: Այնուհետև` տեղական ինքնակառավարման մարմիններին  են տրամադրվել ամփոփ ցուցկաները, որի հիման վրա վերջիններիս հնարավորություն է ընձեռվել հաշվարկել և գանձել 2017 թվականի հողի հարկը: 

83-րդ կետով տրված հանձնարարականի միջոցառման անվանումն է` «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2017 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` 2017թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում: Հանձնարարականը կատարված է ժամկետում, որի կապակցությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.2017թ. N 1338-Ն որոշումը:

Հաշվետվությունը հրապարակվել է և շահագրգիռ բոլոր անձանց համար ապահովվել է դրանից օգտվելու հնարավորությունը:

 

Գերակա խնդիրներ`

 

104. Հայաստանի Հանրապետու­թյան  տարածքում WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ArmREF02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքներ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և 5-րդ հոդվածի «գ» ենթակետերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի N 763-Ն որոշման պահանջների համաձայն՝ ստեղծել /ArmREF02/ ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդել:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ բարձրադիր շրջաններում GPS դիտարկումներ և II դասի նիվելիրացման աշխատանքների իրականացումն:

Տարբեր տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, հետախուզական, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու համար GPS դիտարկումներից ստացված WGS-84 համաշխարհային համակարգում գեոդեզիական  կոորդինատները  Հելմերտի բանաձևի միջոցով վերահաշվարկվում է լոկալ տեղական հարթ ուղղանկյուն կոորդինատային համակարգում, ապահովելով բարձր ճշտություն: Սակայն GPS դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձունքային նիշերի /1977թ. Բալթյան համակարգ/ չի ապահովում բարձր ճշտություն, քանի որ դա կապված է ոչ միայն հաշվարկային բանաձևերից, այլ նաև Երկրագնդի տվյալ շրջանի գրավիտացիոն դաշտից: Երկրագնդի մարմնում զանգվածների ոչ համաչափ տեղաբաշխման հետևանքով, ծանրության ուժը փոփոխվում է նրա մակերևույթի վրա ոչ օրինաչափ ձևով:

Այդ խնդիրը լուծելու համար «նորմալ» բարձրությունները հաշվարկվում են տարածքի քվազիգեոիդի թվային մոդելից ստացված ուղղումների օգնությամբ, որոնք արտահայտում են երկրագնդի գրավիտացիոն դաշտի բարդ բնութագիրը: Մոդելը պետք է կառուցել ՀՀ տարածքում իրականացված GPS դիտարկումներից ստացված 405 կետերի «գեոդեզիական» և նույն կետերի I և II դասի նիվելիրացման  աշխատանքներից ստացված «նորմալ» բարձունքային նիշերի  համադրման, խորը վերլուծությունների, ինչպես նաև բարդ հաշվարկների միջոցով: Սակայն ՀՀ լեռնային շրջաններում, որտեղ նման տվյալները բացակայում են, մոդելը հաշվարկված է ինտերպոլացիոն և էքստրապոլացիոն եղանակներով, ինչը չի բավարարում ժամանակակից պահանջներին:

Քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը կնպաստի բարձրացնելու ՀՀ տարածքում տեղադրված իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների ձևափոխվող` տրանսֆորմացիոն պարամետրերի ճշգրտման մակարդակը, որն էլ կապահովի <<ՌՈՎԵՐ>> դիտարկման GPS կայաններից անմիջապես ստանալու կետի տեղադիրքի կոորդինատները WGS-84/ArmREF02/ ազգային գեոեզիական կոորդինատային համակարգում:

Քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքների ավարտից հետո կստանանք տրանսֆորմացիոն նոր գործակիցները (Dx, Dy, Dz, wx, wy, wz և So):

            Քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը կապահովի GPS դիտարկումների «գեոդեզիական» կոորդինատներից  անցում այլ էլիպսոիդային և «նորմալ» բարձունքային նիշերի` (ակնկալվում է ստանալ պլանային և բարձունքային դիրքի կոորդինատների մինչև 40 մմ ճշտության ձևափոխում) բարձր ճշտությամբ` հնարավորություն տալով գեոդեզիայի բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտներին խնայել ժամանակ և ֆինանսական զգալի միջոցներ:

2017 թվականի ծրագրի աշխատանքներն իրականացնելու համար կատարվել են հետևյալ անհրաժեշտ միջոցառումները՝

  1. GPS 156 հիմնակետերի դիտարկում և կոորդինատների հավասարակշռում ու հաշվարկում.
  2. II դասի 113.0 գծ.կմ նիվելիրացում.
  3. II դասի 113.0 գծ.կմ նիվելիրացման նյութերի մշակում և 30 կետի հավասարակշռում:

Հայաստանի Հանրապետության տարածքում ՎԻՋԻԷՍ /WGS-84/ /ArmREF02/ ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքները նախատեսվում է  շարունակել և ավարտել 2018 թվականին:

 

105. Երևան և Գյումրի քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի տվյալների մշակում և ներբեռնում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալում 

 

«Գեոդեզիայի և քարտեզա­գրու­թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» և 5-րդ հոդվածի «գ» ենթակետերի, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապե­տության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշման պահանջների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել և ներդրվել է բազային երկրատեղեկա­տվա­կան համակարգ` գերատես­չական տարբեր բնագավառների խնդիրների լուծման համար:

Ծրագրի նպատակը Երևան և Գյումրի քաղաքների ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծումն է:

Այս ուղղությամբ 2005-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում /այդ թվում` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում/ իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է: 2013 թվականին սկսվեց և 2016 թվականին ավարտվեցին Գյումրի քաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները:

Աշխատանքների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որն անհրաժեշտ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական եւ տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման եւ հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Սույն աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետության Երևան և Գյումրի քաղաքների նախորդ տարիներում ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների նույնականացման, տեքստային ֆորմատավորման, համակցման և նոր ծրագրային միջավայր տեղափոխելու աշխատանքների կատարումն է Երևան քաղաքում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծման նպատակով:

Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի ըստ վարչական շրջանների բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի և տվյալների բազայի ստեղծման աշխատանքները իրականացվել են 2005-2012թթ., անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մի շարք միջոցառումներ գեոպորտալ ներբեռնելուց առաջ:

Աշխատանքները տարանջատված են հետևյալ հերթականությամբ.

  • Շերտերի և տվյալների բազայի ֆոնտի տեքստային ֆորմատավորում,
  • Քարտեզագրական նյութի համակցում և համադրում,
  • Գրաֆիկական շերտերի աշխատանքների միաբերում և նույնականացում,
  • Տվյալների բազայի կառուցվածքի միաբերում մեկ ընդհանուր կառուցվածքի շուրջ (սյունյակների անունների, ձևաչափերի և այլ բնութագրերի նույնականացում),
  • Տվյալների բազայի աղյուսակների վերնագրերի և քարտեզագրական շերտերի, անվանումների լատինատառ գրառում:
  • Տվյալների որոնման չափանիշների ֆիքսում:

Այս աշխատանքների իրականացման արդյունքում ունենք.

  • բոլոր շերտերում ներբեռնված, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալներ,
  • գծային ենթակառուցվածքները տնօրինող (շահագործող) կազմակերպությունների համար առցանց դիտման և որոնման հնարավորություններ,
  • Երևան և Գյումրի քաղաքների միասնական տեղեկատվական քարտեզագրական հիմքի ձևավորման համար,
  • Երևան և Գյումրի քաղաքների միասնական գեոպորտալի ստեղծում,
  • բազային ԵՏՀ-ի տեղեկատվական բանկի տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտացման աստիճանի բարձրացում,
  • տեղեկատվական բանկի պահուստային պատճեների ստեղծման գործընթացի հեշտացում, օպերատիվության բարձրացում և ծախսերի նվազեցում,
  • հաղորդակցուղիների ցանցերի նախագծման և զարգացման՝ այդ թվում տարածական վերլուծություն և ցանցերի մոդելավորման համար,
  • Երևան և Գյումրի քաղաքների ԵՏՀ տեղեկատվական տվյալների տեղադրում գեոպորտալում:

2017 թվականի ծրագրի աշխատանքներն իրականացնելու համար կատարվել են հետևյալ անհրաժեշտ միջոցառումները՝

  1. Երևան և Գյումրի քաղաքների բազային ԵՏՀ-ի համար գրաֆիկական շերտերի և տեքստային տվյալների նույնականացում և ֆորմատավորում – 26758 հա.
  2. Երևան քաղաքի վարչական շրջանների, ըստ տարիների, երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի համակցման ընթացքում հայտնաբերված անճշտությունների ուղղում – 22328 հա.
  3. Ուղղված քարտեզների նոր ծրագրային  միջավայր տեղափոխելու համար նախապատրաստական աշխատանքներ – 26758 հա.
  4. 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման նպատակով ՀՀ տարածքի օդալուսանկարահանման նյութերի վերծանում (Սպիտակ քաղաքի - 744.51 հա և  Սևան քաղաքի - 1160.0 հա):