Կադաստրային քարտեզագրություն

Կադաստրային քարտեզագրություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրման նպատակով 1998-2005 թվականների ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ: Համաձայն ՀՀ գործող օրենսդրության` կադաստրային քարտեզները համարվում են գրանցման գործընթացի հիմնական փաստաթղթերից մեկը, որոնցում արտացոլվում են անշարժ գույքի միավորները, դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսները, կադաստրային ծածկագրերը, տեսքերն ու տեսակները:

Հանութագրման աշխատանքներն իրականացվել են բնակավայրերի ներսում` 1:500, 1:1000 և 1:2000 մասշտաբներով, իսկ բնակավայրերից դուրս տարածքներում` 1:2000, 1: 5000, 1: 10000 մասշտաբներով` ելնելով տեղանքի բնույթից:

Կադաստրային քարտեզագրման աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են Եվրահամայնքի պարենային ապահովության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային, ինչպես նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով` համապատասխան որակավորում լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի պահանջներին համապատասխան: Դաշտային  աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 2004 թվականին:

Կադաստրային քարտեզագրման հանութագրման աշխատանքները կատարվել են ավանդական վերգետնյա (մենզուլային, տախեոմետրական հանույթների, գծային և անկյունային հատումների) եղանակներով: Աշխատանքների իրականացման 1-ին փուլում համայնքների սահմանները տարվել են պայմանական և մոտավոր, որի արդյունքում համայնքների թվայնացված կադաստրային քարտեզներում սահմանազատման թերությունները մնացել են սկզբնական սխալներով, և ի հայտ են եկել անընդունելի սխալներով հատկացված ու փաստացի տնօրինվող, սեփականաշնորհված միավորներ: Հետագայում այդ սխալները ժամանակակից գեոդեզիական գործիքների միջոցով վերհանվեցին կադաստրային քարտեզների ստեղծման նպատակով իրականացվող կադաստրային հանութագրման աշխատանքների ժամանակ:

ՀՀ համայնքների կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ճշգրտումը և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիթորինգի իրականացումը կադաստրային քարտեզագրման աշխատանքներում առաջնային նպատակներից են, քանի որ կադաստրային հատակագծերը (քարտեզները) անշարժ գույքի պետական գրանցման գործընթացի հիմնական փաստաթղթերից են և հիմք են հանդիսանում անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գնահատման, հողի հարկի և գույքահարկի բազայի ստեղծման, ինչպես նաև բազմանպատակ կադաստրի վարման համար:

Վերոնշյալ նպատակների իրագործման համար կարևոր են հատկապես ստերեոնկարահանման և ֆոտոգրամետրիական եղանակով ստեղծված նյութերը, որոնք ավանդական եղանակով ստեղծված քարտեզներից տարբերվում են նրանով, որ արդյունքում ստացվում են օրթոֆոտոհատակագծեր (նկարը առանց աղավաղումների)՝ արտահայտված մեկ միասնական մասշտաբով, որոնք տեղագրական կամ կադաստրային հատակագծերի կամ երկրատեղեկատվական հիմքի ստեղծման հիմնական նախադրյալներից են:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքի 13600 քմ-ի վրա իրականացված օդատիեզերանկարահանումը, ռելիեֆի թվային մոդելի և օրթոֆոտոհատակագծերի ստեղծումը հնարավորություն ընձեռեցին արդի ծրագրային ապահովման միջոցներով հագեցած ավտոմատացված համակարգերով ստանալու տարբեր մասշտաբներով և թեմատիկ շերտերով էլեկտրոնային կադաստրային քարտեզներ՝ կիրառելով ժամանակակից գեոդեզիական սարքավորումներ` էլեկտրոնային տախեոմետրեր, արբանյակային դիրքորոշման կայաններ (GPS), որոնք թույլ են տալիս առանց միջանկյալ հաշվարկներ կատարելու ստանալ որոշվող կետերի կոորդինատները բարձր ճշտությամբ:

Ներկայումս Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ օրթոֆոտոհատակագծերի միջոցով իրականացվում են կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքերի և սահմանների ուղղման աշխատանքներ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-ն որոշման դրույթները։