Երկրատեղեկատվական համակարգ

          Երկրատեղեկատվական համակարգի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ինֆրաստրուկտուրայի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի, բնական եւ տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, անհրաժեշտ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն ունենալն է:

         Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծմանը, հանրապետության բնական եւ տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծմանը եւ հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

         Համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ  2005-2010 թվականներին աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում /այդ թվում` Աշտարակ, Ծաղկաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում /նախկին համայնքներում//, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական օբյեկտների անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է հանդիսացել:

          Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N197-Ն որոշմամբ հաստատված "Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի" դրույթներին համապատասխան: