Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրման նպատակով 1998-2005 թվականնների ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ: Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կադաստրային քարտեզները համարվում են գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից մեկը, որոնցում արտահայտվում են անշարժ գույքի միավորները, դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, կադաստրային ծածկագրերը, տեսքերն ու տեսակները: Քարտեզագրման աշխատանքները կատարվել են օգտագործելով ժամանակակից գեոդեզիական սարքավորումներª էլեկտրոնային տախեոմետրեր, արբանյակային դիրքորոշման կայաններ (GPS), որոնց կիրառումը թույլ է տալիս առանց միջանկյալ հաշվարկներ կատարելու ստանալ որոշվող կետերի կոորդինատները բարձր ճշտությամբ, ինչպես նաև ժամանակակից ծրագրային ապահովման միջոցներով հագեցված ավտոմատացված համակարգերում ստանալ տարբեր մասշտաբներով և թեմատիկ շերտերով էլեկտրոնային կադաստրային քարտեզներ: Հանութագրման աշխատանքները իրականացվել են բնակավայրերի ներսում` 1:500, 1:1000 և 1:2000 մասշտաբներով, իսկ բնակավայրերից դուրս տարածքներումª 1:2000, 1: 5000, 1: 10000 մասշտաբներով, ելնելով տեղանքի բնույթից և խտությունից:
Կադաստրային քարտեզագրման աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում իրականցվել են Եվրոհամայնքի պարենային ապահովության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային, ինչպես նաև Համաշխարհային Բանկի վարկային ծրագրերով, համապատասխան լիցենզա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով:
Ամբողջությամբ ավարտվել են Հայաստանի Հանրապետության 928 համայնքների վարչական տարածքների, ինչպես նաև բոլոր մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները, բացառությամբ անտառային և հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ և Ազգային պարկեր):
Հայաստանի Հանրապետությունում կադաստրային քարտեզագրման աշխատանքներն իրականցվել են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի պահանջներին համապատասխան:
Ներկայումս կադաստրային քարտեզներում նոր առաջացած գույքերը տեղադրվում են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված և արդարադատության նախարարությունում գրանցված ՙԿադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին՚ հրահանգի պահանջներին համաձայն:
| 222.46 ԿԲ | ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ |
