ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծություն

           Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N465 որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման կարգ, որի հիման վրա կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվում են համակարգված դիտարկումներ, այն է` անշարժ գույքի վիճակի, արժեքի, դրա վրա ազդող որակական չափանիշների ուսումնասիրություն: Անշարժ գույքի համակարգված դիտարկման օբյեկտ է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա անշարժ գույքը` հողը (ըստ նպատակային նշանակության) և շենքերը, շինությունները (անկախ սեփականության ձևից): Անշարժ գույքի համակարգված դիտարկումների նպատակն է.

  • Աջակցել անշարժ գույքի շուկայի զարգացմանը,
  • Ապահովել անշարժ գույքի տեղեկատվական բանկի ստեղծումը և անշարժ գույքի շուկայում արժանահավատ տեղեկատվությունը,
  • Ապահովել անշարժ գույքի շուկայի վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվություն,
  • Մշակել առաջարկներ անշարժ գույքի գնահատման մեթոդիկաների կատարելագործման վերաբերյալ, որն ենթադրում է հողամասերի և շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիների սահմանների նկարագրում, գոտիականության գործակիցների և բազային արժեքների դուրս բերում, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման բանաձևերի մշակման առաջարկությունների ներկայացում:

            Անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների արդյունքում կոմիտեի կողմից մշակվել են բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման գոտիականության սահմանները, գործակիցները և բազային արժեքները, հիմնվելով անշարժ գույքի շուկայական գնագոյացման գործոնների և շուկայական արժեքների ձևավորման սկզբունքների վրա: Դրանք ՀՀ կառավարության կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՙՀայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին՚ N1746-Ն որոշմամբ: Այդ որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիները և գործակիցները հիմք են հանդիսանում պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերը օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում, այդ հողամասերի կադաստրային արժեքների հաշվարկման համար: Համակարգված դիտարկումների արդյունքում մշակվել և կառավարության կողմից հաստատվել են շենքերի, շինությունների կադաստրային գնահատման տարածագնահատման գոտիականության սահմանների նկարագրերըև գործակիցները:

            Պարբերաբար` ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքներով իրականացվում են անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, վերլուծություններ, որոնց վերաբերյալ նյութերը հրապարակվում են մամուլում և լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից` պետական մարմիններին, անշարժ գույքի շուկայի մասնակիցներին (ռիելթորներ, գնահատողներ) և հասարակությանը անշարժ գույքի շուկայի իրավիճակի վերաբերյալ իրազեկելու նպատակով:

572.89 ԿԲ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ
292.7 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ
1.43 ՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ 1998-2008 Թ.Թ.
144.63 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ N 465