Տեղեկատվության տրամադրում

Տեղեկատվության տրամադրում

Գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հանդիսանում է անշարժ գույքի կադաստրի հիմնական գործառույթներից մեկը: Ինչպիսի՞ տեղեկատվություն կարելի է ստանալ անշարժ գույքի պետական միասնական կադաստրից:

  • անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք,
  • անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որը ներառում է անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքներ, սահմանափակումներ, հողամասերի, շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի), ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացած որակական և քանակական բնութագրերի (մակերեսի չափը, նպատակային և գործառնական նշանակությունը, հողատեսքը, շինության կառուցման տարեթիվը, մաշվածության աստիճանը և այլն) վերաբերյալ տվյալներ.
  • միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
  • կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ.
  • կադաստրային հատակագծերի և քարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով և (կամ) թղթային կրիչով.
  • տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով և (կամ) թղթային կրիչով.
  • գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների (աբցիս, օրդինատ, բարձրություն) վերաբերյալ տեղեկատվություն.
  • անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) շրջադարձային կետերի կամ անկյան կոորդինատների (աբսցիս, օրդինատ) վերաբերյալ տեղեկատվություն.
  • աշխարհագրական օբյեկտների անվանման վերաբերյալ տեղեկատվություն:

Տեղեկատվության տրամադրման դիմումը պետք է ներառի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով սահմանված տվյալները՝

  • ֆիզիկական անձանց դեպքում` դիմողի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը).
  • իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը.
  • դիմումով ներկայացվող պահանջը.
  • դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
  • դիմումի ներկայացման ամսաթիվը.
  • դիմողի ստորագրությունը.

   Ինչպես նաև անհրաժեշտ է հայցվող տեղեկատվության էությունը որոշելու համար ներկայացնել անհրաժեշտ տվյալները:

   Տեղեկատվության տրամադրման դիմումին կից ներկայացվում է տեղեկատվության տրամադրման վճարի մուծման անդորրագիրը: Գրավոր դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է սպասարկման գրասենյակ: Տեղեկատվության տրամադրման դիմումը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է մերժել տեղեկատվության տրամադրումը միայն այն դեպքերում, եթե՝

1) տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն.

2) տեղեկատվությունը պարունակում է նույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով և կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն:

3)  տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ այն դեպքերի երբ տեղեկատվության տրամադրման համար գումար չի պահանջվում:

Միևնույն ժամանակ, գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է կասեցնել տեղեկատվության տրամադրումը` դիմումով տեղեկատվության առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելու պատճառով: 

Ֆիզիկական անձի դեպքում անձի վերաբերյալ տվյալները համարվում են նույնականացված, եթե դիմումում առնվազն նշված են՝

  • ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ամսաթիվը,
  • ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը,
  • ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը.

   Իրավաբանական անձի դեպքում՝

  • իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման փաստաթղթերում առկայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:

Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրում

Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ այլ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմումները կարող են ներկայացվել նաև առցանց` www.e-cadastre.am կայքէջի միջոցով: Այդ նպատակով պետք է նախ գրանցվել www.e-cadastre.am կայքէջում` լրացնելով այդ նպատակով կայքէջի գրանցման համակարգում տեղադրված էլեկտրոնային ձևաթուղթը: Վերջինս լրացնելուց հետո դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կայքէջի էլեկտրոնային համակարգի կողմից կուղարկվի գրանցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ հղումը, որի միջոցով գրանցվողը կակտիվացնի իր գրանցումը: Տեղեկատվության տրամադրման ծառայության համար վճարի մուծումը կարելի է իրականացնել ինչպես www.e-payments.am պետական վճարումների էլեկտրոնային համակարգի, այնպես էլ ARCA էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:

Էլեկտրոնային կադաստրային քարտեզի տրամադրում

 Գրանցվելով www.e-cadastre.am կայքէջում այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի կադաստրային քարտեզի հատվածը: Անհրաժեշտ տարածքի (քարտեզի հատվածի) ընտրությունը կատարվում է կայքէջում տեղադրված կադաստրային քարտեզների վրա համապատասխան տարածքը նշելու միջոցով, որից հետո մուծելով տեղեկատվության տրամադրման  վճարը, դիմողը հնարավորություն է ստանում կայքէջից ներբեռնել պատվիրված էլեկտրոնային քարտեզը:

 

  • Տեղեկատվություն ստանալու համար դիմումի ձև
    259 KB
  • Փոստային կապի ծառայությունների սակագներ
    2 MB