Եվրասիական Տնտեսական Միություն

   Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ և որը հիմնադրվել է 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում: ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010 թ. հունվարից, իսկ 2011 թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով: 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:

   Եվրասիական տնտեսական միության 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 23 որոշման համաձայն ըստ ծառայությունների ոլորտի հաստատվել են ազատականացման ծրագրերը քարտեզագրության, վերգետնյա և ստորգետնյա մարկշեյդերական հանութագրումների ոլորտներով: Կադաստրի կոմիտեն ներգրավված է Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի խորհրդակցական կոմիտեներում, ենթակոմիտեներում, աշխատանքային խմբերում և քննարկման այլ հարթակներում: Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Խորհրդակցական կոմիտեի, ենթակոմիտեի, աշխատանքային խմբի, կոմիտեի, խորհրդի, հանձնաժողովի, խմբի, ենթախմբի կամ փորձագիտական խմբի աշխատանքներին՝ մասնավորապես Վերգետնյա և ստորգետնյա մարկշեյդերական հանութագրումների, քարտեզագրության ծառայությունների, Անշարժ գույքի, սեփականության կամ օգտագործման (բացառությամբ անշարժ գույքի միջնորդների) ծառայությունների, Անշարժ գույքի գնահատման ծառայությունների ոլորտների նիստերին և հանդիպումներին: