Դեպի վեր
Նորություններ

02.08.2016

ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ


  Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը  մարզային այցերի շրջանակներում այցելեց  ՀՀ Գեղարքունիքի մարզ:

  Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ  Ա. Մուսայանը, Ֆ. Բաշոյանը,  վերահսկողության վարչության պետ  Ա. Բիձյանը և Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ հավաստիացրեց, որ մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ, նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և կանոնակարգել համայնքների հետ իրականացվող հետագա աշխատանքները՝ քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր մակարդակով ապահովելու ուղղությամբ: Խորհրդակցության հիմնական նպատակն էր աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում առկախ մնացած խնդիրները, համապարփակ և ամբողջական լուծում տալու նպատակով:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են կադաստրի համակարգում 2014 թվականից ի վեր՝  նպաստելով  համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը մասնավորապես անդրադարձավ <<Ուսումնամեթոդական կենտրոն>> ՊՈԱԿ-ի հիմնադրմանը, որն հնարավորություն կտա համակարգն համալրել որակյալ կադրերով:

  Կոմիտեի նախագահը հորդորեց ներկաներին անկեղծ և անմիջական լինել և բարձրաձայնել իրենց հուզող բոլոր հարցերը:

Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների (համադրումների  արդյունքում առաջացած անճշտությունների ) ուղղման խնդիրներին:

  Կոմիտեի նախագահը և համակարգի մյուս ներկայացուցիչները հանգամանորեն պատասխանեցին  մարզի համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ ներկայացրեցին կադաստրային բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

  Կոմիտեի նախագահը վստահեցրերց, որ ստեղծվելու է աշխատանքային հանձնաժողով` տարիներ շարունակ կուտակված խնդիրները ուսումնասիրելու և հանգուցալուծելու նպատակով, միաժամանակ հորդորելով համայնքների ղեկավարներին ակտիվություն և հետևողականություն դրսևորել  բարձրացրած խնդիրների շուրջ:

  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր:

  Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանն ընդգծեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորեց նաև նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները  ակտիվ աշխատանքի և սերտ համագործակցության  արդյունքում կստանան իրենց լուծումը:

  Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Գեղարքունիքի մարզպետի միջև ձեռք բերվեց  նաև հետագա արդյունավետ համագործակցություն ապահովելու համաձայնություն: