Դեպի վեր
Նորություններ

31.08.2016

Կադաստրի համակարգում գործելու է գնահատման նոր համակարգ


  Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում տեղի ունեցավ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսը:

  Կադաստրի համակարգի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն առավել  բարելավելու նկատառումներով,  Երևան քաղաքում գործող սպասարկման գրասենյակներում ներդրվում է էլեկտրոնային գնահատման նոր համակարգ, որը քաղաքացիներին  հնարավորություն կտա գնահատելու սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչն էլ իր հերթին կնպաստի վեր հանել այդ բնագավառում կադաստրի համակարգի  հնարավոր բացերը:

  «Համալիր և շարունակական բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, առկա թերությունների հայտնաբերմանը,  ինչպես նաև հանրային վերահսկողության ապահովմանը, որը  կնպաստի քաղաքացիների սպասարկման նոր որակի ապահովմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սագսյանը:

  Կոմիտեի նախագահն իր խոսքում նշեց, որ համակարգը հնարավորություն կընձեռնի գնահատել և խրախուսել աշխատակիցներին, ովքեր իրենց վստահված աշխատանքը կատարում են մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն, այնպես էլ կիրառել պատժամիջոցներ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են: Սա այն գործիքն է լինելու համակարգի ներսում, որի շնորհիվ քաղաքացին ինքն է գնահատելու կադաստրի համակարգի աշխատանքը: 

  Նորարարությունը հաջողությամբ գործարկվելու դեպքում, առաջիկայում այն կներդրվի նաև մարզերում գործող սպասարկման գրասենյակներում:

  Մարտին Սարգսյանը հավելեց, որ գնահատման համակարգի ներդրման համար անհրաժեշտ շուրջ 5 մլն դրամ ծախսից պետական ֆինանսական միջոցներ են ներդրվել շուրջ 700.000 դրամ, մնացած ծախսերը իրականացվել են բարեգործության շրջանակում ձեռքբերված միջոցների հաշվին: