Դեպի վեր
Նորություններ

04.10.2016

Հայաստան- Շվեդիա համագործակցություն


Փոխըմբռնման հուշագիր

 

  Այսօր՝ հոկտեմբերի 4-ին պաշտոնական այցով  Հայաստան է ժամանել Շվեդական «Սվիդսերվեյ» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Զետեռքուեստը:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն «Սվիդսերվեյ» կազմակերպության հետ համագործակցում է 2006 թվականից: Կազմակերպությունը Շվեդիայի քարտեզագրության, կադաստրի և հողի գրանցման իրավասու մարմնի՝ Լանտմատերիատի արտաքին հարաբերություններում վերջինիս քաղաքականությունն իրագործող արտաքին գործակալությունն է, որն իրականացնում է բազմաթիվ երկրներում հողային ծրագրերի կառավարում: Կազմակերպությունը մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետությունում կադաստրի համակարգի զարգացմանը:

  Պրն Զետեռքուեստի պաշտոնական այցի հիմնական նպատակն է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Շվեդական «Սվիդսերվեյ» կազմակերպության միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը:

  Պաշտոնական այցի շրջանակներում այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում նախագահ Մարտին Սարգսյանը և Շվեդական «Սվիդսերվեյ» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Զետեռքուեստը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

  Համագործակցության հիմնական նպատակը, ինչպես մեկ անգամ ևս փաստեց կոմիտեի նախագահ Մ.Սարգսյանը,  հողային կառավարման ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման ծրագրերի իրականացումը և կողմերի փորձի փոխանակումն է, ինչպես նաև արդի սարքավորումների և նոու-հաուի զարգացմանը նպաստելը:

  Կարևորելով կողմերի համագործակցության շարունակականությունը՝ պրն  Զետեռքուեստը հավելեց նաև, որ  ՀՀ կադաստրի համակարգն արդեն իսկ նշանակալի ձեռքբերոմներ ունի ոլորտի զարգացման՝ մասնավորապես հողերի արդյունավետ կառավարման ուղղությամբ և հույս հայտնեց, որ հետագա համատեղ աշխատանքները ևս կտան սպասված արդյունք:

  Հուշագրի շրջանակներում համագործակցությունը կընդգրկի նաև զարգացման հետևյալ ոլորտները՝ հողային քաղաքականություն և հողային կառավարում, ուսուցում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, տվյալների փոխանցում, ներառյալ՝ տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացում, քարտեզագրության, կադաստրի համակարգի կառավարման և գրանցման, հողի նկատմամբ իրավունքների գրանցման, հողի գնահատման, հողերի միավորման և տեղեկատվության պահպանման և արդյունավետ կառավարման գործընթացներ, հողերի կառավարման էլեկտրոնային ծառայություններ, ազգային և համաշխարհային գեոդեզիական ռեֆերենց համակարգեր, ներառյալ իրական ժամանակում ճշգրիտ արբանյակային տեղորոշման մշտական գործող ռեֆերենց համակարգեր:

  Հաշվի առնելով կողմերի ունեցած հաջողությունները թվարկված ոլորտներում՝  կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է ընդլայնել համագործակցությունը շվեդական կողմի հետ վերոհիշյալ ուղղություններով: