Դեպի վեր
Նորություններ

25.10.2016

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 38-րդ նստաշրջանը


  Հոկտեմբերի 18-19-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 38-րդ  նստաշրջանը:

  Նստաշրջանին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի պատվիրակությունները:

  Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Քիշնևում կայացել է  ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման Միջպետական խորհրդի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի նիստը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի,   Հյուսիսային և Միջին Ասիայի, ՄԱԿ-ի մասնագետների խմբի նիստը, որոնց հիմնական նպատակն էր համաձայնեցնել և կոորդինացնել ԱՊՀ երկրներում աշխարհագրական անվանումների բնագավառում տեղի ունեցած բոլոր փոփոխությունների հավաքագրումը և որպես պաշտոնական նյութ տրամադրել ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համապատասխան պետական կառույցներին:

  Նստաշրջանի առաջին օրը քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը, ներկայացվել են զեկույցներ, այդ թվում՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ, իսկ Խորհրդի մյուս անդամները ներկայացրել են իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները:

  Հոկտեմբերի 19-ին ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 38-րդ նստաշրջանի մասնակից երկրների գերատեսչությունների ղեկավարների կողմից քննարկվել և ստորագրվել է նստաշրջանի ամփոփիչ  փաստաթուղթը՝ արձանագրությունը:

  Նստաշրջանի ավարտին քվեարկության արդյունքում գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հաջորդ՝ 39-րդ նստաշրջանի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը: