Դեպի վեր
Նորություններ

05.06.2018

Հանդիպում-քննարկում նախաձեռնող խմբի հետ


          Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Մարտունու ակտիվ հասարակական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին Մարտունու ակտիվ հասարակական խմբի ներկայացուցիչները և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուները:        Հանդիպման հիմնական նպատակն էր համակարգի պատասխանատուներին ներկայացնել համակարգի կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ նախաձեռնող խմբին անհանգստացնող հարցերն ու  խնդիրները:

          Նախաձեռնող խմբի անդամներն անդրադարձան  պետական գրանցման, կասեցումներին և մերժումներին, քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների ուղղման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև օրենսդրական դաշտի բացթողումներին:

          Հնչեցին նաև կոնկրետ կադաստրային գործերի առնչվող հարցեր, որոնց կոմիտեի պատասխանատուները խոստացան պատասխանել սեղմ ժամկետներում՝ նյութերին մանրակրկիտ ծանոթանալուց և գործերը լիարժեք ուսումնասիրելուց հետո:

          Կոմիտեի պատասխանատուները հանգամանալից ներկայացրեցին կադաստրի համակարգում մինչ օրս կատարված  և առաջիկայում սպասվելիք բարեփոխումները: Մասնավորապես, մատնանշվեցին այն բոլոր հիմնավորումները, որոնցով կոմիտեն առաջնորդվել է մարզային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների միավորման և լուծարման գործընթացներում:

          Խմբի անդամներին ներկայացվեց անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացված համալիր բարեփոխումները, որոնք միտված են եղել համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը` հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

           Այդ նպատակով կադաստրի համակարգում արդեն իսկ բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում էապես սահմանափակվել է գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է զգալի խնայողություն, որն ուղղվել է համակարգի հետագա զարգացմանն ու տեխնիկական արդի հնարավորությունների ստեղծմանը:

          Հանդիպման վերջում կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուները քննարկման մասնակիցներին հավաստիացրեցին, որ կադաստրի պետական կոմիտեն պատրաստակամ է լսել և քննարկել կոմիտեի գործունեության ընթացքում հանրության մոտ առաջացած ցանկացած հարց և դժգոհություն: