Դեպի վեր
Նորություններ

14.08.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կադաստրի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին


Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք հայտնեց, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Պարոն Ավինյանը նկատեց նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝  կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ իր համար իսկապես մեծ պատիվ է ոչ միայն այս կառույցը ղեկավարելը, այլ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմելը: Իր խոսքում պարոն Պետրոսյանը հույս հայտնեց, որ դեռևս 90-ականներին սկզբնավորված և 2010 թվականից բարեփոխվող կադաստրը կվերաարժևորի իր դերը Նոր Հայաստանի պայմաններում և կրկին կհանդիսանա հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների լոկոմոտիվը, իսկ թիմը կկարողանա արժանապատվորեն լուծել իր առջև դրված խնդիրները:

Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Մուսայանին և արդյունավետ աշխատանք մաղթեց համակարգի աշխատակիցներին: