Դեպի վեր
Նորություններ

27.08.2018

«Ազնիվ, պրոֆեսիոնալ, նվիրված ու ապաքաղաքական». առաջին թռուցկաժողովը ՀՀ կադաստրի կոմիտեում


   ՀՀ կադաստրի կոմիտեն մշակել է առաջիկա 5 տարիների ծրագիրը և, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի բնորոշմամբ, հավակնոտ առաջադրանքներ ձևակերպել.

  «Այդ կետերից մեկն առցանց, ինքնաշխատ, այսպես ասած՝ անթուղթ, Կադաստրի ստեղծումն է, որպեսզի մարդիկ «չիմանան» Կադաստրի տեղը»։

    Ծրագիրն առաջիկայում կհրապարակվի։

  Համակարգի առջև աշխատանքային երեք և քաղաքական (ավելի շուտ՝ ապաքաղաքական) մեկ խնդիր  է դնում Սարհատ Պետրոսյանը։ Օգոստոսի 27-ին Կոմիտեում հրավիրած առաջին թռուցկաժողովում նա նաև ասաց, որ այդ խնդիրները վերաբերում են բոլորին, այդ թվում՝ անձամբ իրեն։ 

    Առաջինն արդար և ազնիվ աշխատելու խնդիրն է.

«Ազնվության նշաձողը շատ բարձր է լինելու, հաշվի´ առեք, որ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ որևէ կերպ չի հանդուրժելու նաև շահերի բախումը՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» գործարքները ոչ միայն համակարգի ներսում, այլև տարբեր ընկերությունների հետ համագործակցելիս. 

    «Յուրաքանչյուր աշխատող թանկ է ինձ համար և պատրաստ եմ սատարել, բայց մեր առջև դրված խնդիրները չկատարողը հրաժեշտ կտա այս աշխատանքին»։  

    Համակարգի առջև դրված երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է.

    «90-ականներին երկրի ամենապրոֆեսիոնալ կերպով հիմնադրված կառույցներից էր այս Կոմիտեն, 2010-ականներին՝ լավագույնս բարեփոխումներ իրականացրածների։ Սկսում ենք երրորդ սերնդի փոփոխությունները՝ ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով աշխատանքը»։

    Կոմիտեի ղեկավարի ներկայացրած երրորդ խնդիր-պահանջը թիմային աշխատանքն է և նվիրվածությունը։

    «Չեմ կարող ասել, թե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է բավարարված իր աշխատավարձի չափով, բայց ձեզ տրված է որևէ բան փոխելու պատմական հնարավորություն, և  անպայման պետք է լավագույնս օգտվեք այդ հնարավորությունից»։ 

    Քանի որ սա առաջին թռուցկաժողովն էր, Պետրոսյանը փոխանցեց, որ հաջորդներին անպայման սպասում է բազմակողմ քննարկումներ, իսկ՝

    «Այդ 3 չափորոշիչների կատարումը կամ չկատարումը ոչ մի կերպ չի կարող վրիպել իմ աչքից, և որևէ կերպ կաշկանդված չեմ. անփոխարինելի մարդիկ չկան»։  

    Կազմակերպական և կարգապահական ներքին խնդիրները ձևակերպելուց հետո Կոմիտեի ղեկավարն անդրադարձավ քաղծառայության՝ ապաքաղաքական լինելու սկզբունքը խստորեն պահպանելու պահանջին.

    «Ընտրությունների վերաբերյալ ինձանից որևէ քաղաքական հայտարարության չսպասե՛ք։ Ավելին, եթե որևէ մեկը մեր համակարգում փորձի այդ նպատակով օգտագործել իր պաշտոնեական, աշխատանքային դիրքը, ամենախիստ պատժի կենթարկվի՝ ո´ր ուժի օգտին էլ լինի»։

  Առաջիկայում նորովի կկազմակերպվի Կոմիտեի գործունեության լուսաբանումը, շուտով կհայտարարվի «Նոր կադաստրի» տարբերանշանի մրցույթը, բացվել է Ֆեյսբուքի էջը, կարվեն այլ նորամուծություններ ևս.

    «Շատ խնդիրներ ունենք լուծելու այս տեսանկյունից. մարդիկ պետք է իմանան, որ Կադաստրը ժեկից տարբերվում է, և շատ լուրջ պետական գործառույթներ ունի»։