Դեպի վեր
Նորություններ

03.09.2018

Ազդարարվեց անշարժ գույք գնահատողների ինքնակարգավորման սկիզբը


      Անշարժ գույքի գնահատման որակավորում ունեցողների հետ Կադաստրի կոմիտեում հրապարակային առաջին քննարկման ավարտին այսօր ազդարարվեց ոլորտն ամբողջովին ինքնակարգավորման տեղափոխելու սկիզբը։

      Գործընթացն իրականացվելու է փուլ առ փուլ և ավարտվելու է առավելագույնը հինգ տարում։ Ոլորտի մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը բացատրեց, որ դա նշանակում է՝ Կոմիտեի համապատասխան լծակների աստիճանական փոխանցում նման միակ հասարակական միավորին՝ «գնահատողների համքարությանը»։ Այնպես, ինչպես ստեղծվեցին Փաստաբանների, Արդյունաբերողների, Ճարտարապետների պալատները (վերջինիս վերաբերող օրենքի մշակման հեղինակներից է Պետրոսյանը)։     

      Այսինքն, ունենալով Հայաստանի կառավարության քաղաքական կամքը, Կոմիտեն հնարավորինս կաջակցի այս ոլորտի կայացմանը՝ կոռուպցիան, մասնավորապես շահերի բախումը բացառելու համար.  

      « Նաև որպեսզի «ոչ բարեխիղճ գնահատողները» գերիշխող չլինեն այս ոլորտում. ներողություն եմ խնդրում նման որակման համար, բայց բոլորս էլ գիտենք, որ այդպիսի ռիսկեր կան»։

      Իր նշանակման երրորդ շաբաթում առաջինն այս ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը Սարհատ Պետրոսյանը բացատրեց նրանով, որ Կոմիտեի ղեկավարությունը կարևորում է նրանց աշխատանքը։

      Տասնյակ գնահատողների հետ հանդիպման էին նաև Կոմիտեի ղեկավարի՝ այս ոլորտը համակարգող տեղակալ Արման Պետրոսյանը և գնահատման վարչության պետ Հմայակ Հակոբյանը, որոնք ևս ինքնակարգավորման սկզբունքի կողմնակից են։ Կոմիտեի ղեկավարը փոխանցեց, որ արդեն նախապատրաստական գործ արվել է, այդ թվում՝ մշակվել են օրենսդրական համապատասխան փոփոխություններ։  

      Հրավիրյալներից ոչ բոլորն էին միանշանակ կողմ ինքնակարգավորման սկզբունքին՝ պատճառաբանելով, թե «դեռևս պատրաստ չեն»։ Հակադարձվեց, որ անցումը կլինի Կոմիտեի և նրանց մեջ տևական երկխոսության, իսկ ներսում՝ «գնահատողների կոնսենսուսի արդյունքում»։

      Անշարժ գույքի գնահատող Լևոն Կոստանյանն ինքնակարգավորման անցնելու անհրաժեշտությունն այսպես բնորոշեց՝ որպեսզի «թիվ նկարողները» դուրս գան շուկայից։