Դեպի վեր
Նորություններ

05.09.2018

«Եկել եմ ասելու, որ այստեղ կմնան միայն գործ անողները». հանդիպում Գեոդեզիայի և քարտեզագրության ՊՈԱԿ-ում


      «Ես այստեղ եկել եմ ոչ թե, այսպես ասած՝ կեղտ բռնելու, այլ եկել եմ ասելու, որ ձեր բռնած ուղղությունը սխալ է եղել, դուք հսկայական ջանք ու ռեսուրս եք ծախսել, բայց չեք լուծել խնդիրները։ Այլևս այդպես չի՛ լինելու»,-Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի ֆինանսական հակիրճ հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

      Կարևոր խնդիրը, որը պարզ դարձավ քննարկման ընթացքից, այն է, որ պետությունը մեծ գումարներ է ծախսում չափագրման, քարտեզագրական աշխատանքների համար, սակայն հատկապես քարտեզների մասով կան հսկայական շեղումներ, որոնք ոչ միայն չեն լուծում ոլորտի խնդիրներն, այլև առաջացնում են նորերը։

      «Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է այդպես ստացվել… Բայց դուք չպետք է դա թույլ տայիք. դուք մեր կադաստրի ուղեղն եք, այստեղ պետք է գիտությունը զարգանա, տեխնոլոգիական առաջընթաց տեղի ունենա, ոչ թե «թոզ փչոցի»»,-ասաց Պետրոսյանը՝ ներկաներին փոխանցելով, որ ամբողջ համակարգում սկսվել է «անբաններից» ազատվելու գործընթացը։

      « 84 մարդու փոխարեն միգուցե այստեղ աշխատի 20-30 հոգի։ Կմնան միայն այն պրոֆեսիոնալները, որոնք աշխատել ուզում են։ Եթե կարիք լինի, կմիանան նոր մասնագետներ, որոնք կլուծեն կառույցի առջև դրված խնդիրները։ Եվ չպետք է լինեն ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ ստացողներ, որոնք 200 հազար դրամ տուն տանելու համար միաժամանակ մի քանի տեղ են աշխատում։ Մարդիկ այստեղ պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Ուրեմն, կմնան գործ անողները, ես եկել եմ դա ասելու»։

#ՆորԿադաստր