Դեպի վեր
Նորություններ

03.09.2018

Կադաստրի կոմիտեում լավը լավագույնս կփաթեթավորվի, իսկ վատի հանդեպ շատ խիստ կլինեն


      ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում անցկացվող ներքին աուդիտն առաջիկայում կընդգրկի համակարգի բոլոր ոլորտները, իսկ մեկ ուղղությամբ շուտով ծառայողական քննություն կսկսվի:

     « Պահանջների նշաձողը բարձր է լինելու։ Ստորաբաժանումներում շրջանառվող «սև գումարների» հարցով շատ խիստ ենք լինելու։ Եվ ընդհանրապես՝ բոլոր ուղղություններում, սկսած գնումներից»:

     Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը խոսեց նաև ստորաբաժանման պետի տեղակալի հաստիքը համակարգում վերացնելու նոր քաղաքականության մասին, ինչը մամուլում հասցրել է ստանալ «կադրային ջարդ» անունը.

    « Շատերի պրոֆեսիոնալ փորձը պատրաստ ենք օգտագործել, բայց ոչ՝ այդ պաշտոնում։ Ինքներդ էլ գիտեք, որ ամենալավ ու ամենավատ բաները մեր ստորաբաժանումներում են եղել։ Բայց վատ բարքերն այլևս չեն շարունակվելու. մեր նպատակներն ու տեսլականը շատ հստակ են»։ 

    Պետրոսյանը համակարգի աշխատակիցներին կոչ արեց ուշադիր լինել՝ շահերի բախումն աշխատանքում, հատկապես գնումների ոլորտում իսպառ բացառելու համար.

    « Անձնական նպատակներով պետական գույքի շահագործում չի´ լինելու։ Այս գործընթացում ցանկացած փոխկապակցված մարդու բացահայտման դեպքում շատ անողոք ենք լինելու»:

    Ներքին կարգապահական ու կազմակերպական հարցերում նոր մոտեցումները կոնկրետ թվարկելուց բացի, Կոմիտեի ղեկավարը խոսեց նաև կառույցի արտաքին տեսքի, իմիջի, վերաբրենդավորման ծրագրերի մասին։ Որպես առաջին քայլ այսօր հայտարարվել է Կոմիտեի նոր տարբերանշանի մրցույթը:

    Պետրոսյանը գործընկերներին խնդրեց հարստացնել Կոմիտեի Ֆեյսբուքյան նորաբաց էջում աշխատակիցների մասին մարդկային պատմությունների շարքը.

    « Դա իմ էջը չի, մեր ղեկավար կազմի էջը չի։ Բոլորիս, մեր հաստատության էջն է։ Խնդիր է դրվել մեզ ներկայացնելու որպես պրոֆեսիոնալների մարդկային հավաքական կառույց»։ 

     Նշելով, որ իր աշխատաոճը հրապարակային է՝ «բոլորի առջև բաց լինելը», Սարհատ Պետրոսյանը զգուշացրեց օրենքով արգելված տեղեկություն տարածելու խնդրի մասին.

      «Շատերս այստեղ տիրապետում ենք գաղտնիության որոշակի աստիճան ունեցող անձնական այնպիսի տեղեկությունների, որոնք հրապարակման ենթակա չեն։ Ում որ մատչելի են այդ տեղեկությունները, նրանց նկատմամբ շատ ուշադիր ենք լինելու»։

     Ավելացրեց, որ տեղակալ Արման Պետրոսյանի հետ քննարկել են վերահսկողությունը խստացնելու մեխանիզմները, որպեսզի գաղտնի տեղեկության ապօրինի արտահոսքը բացառվի, և որպեսզի որևէ մեկը «պետական աշխատանքում ձեռք բերած գաղտնի տեղեկությունն անձնական, շահադիտական կամ որևէ այլ նպատակով ապօրինի չգործածի»: