Դեպի վեր
Նորություններ

10.09.2018

Բացահայտում, կարիքների գնահատում, սպասարկող մեքենաների վարորդների իրավունքներ... (աշխատանքային խորհրդակցություն)


Այս շաբաթվա ընթացքում կհրապարակվեն ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացված աուդիտի և վերահսկողական տարբեր գործողությունների բացահայտումների արդյունքները. տեղեկությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր փոխանցեց աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին։

Իր դիմումի համաձայն օրերս լուծվել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Վարդան Կարագյոզյանի աշխատանքային պայմանագիրը։ Թափուր պաշտոնի համար այս շաբաթ մրցույթ կհայտարարվի, և Կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին հորդորեց հնարավորինս լայն շրջանակներում տարածել մրցույթի հայտարարությունը՝ գտնելու ամենից արժանավորին։ Ասաց, որ բացի ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի, աշխատակիցների հանդեպ պահանջների էական փոփոխությունից, բոլորովին նոր քաղաքականություն է մշակվելու ՊՈԱԿ-ի համար.

«Այս ՊՈԱԿ-ը Կոմիտեի ուղեղը պետք է լինի։ Եթե չենք կարողանալու քաղաքականությունը տանել այդ ուղղությամբ, ուրեմն այդ ՊՈԱԿ-ի կարիքը չունենք. եթե միայն գեոդեզիայով պետք է զբաղվեն, այդ աշխատանքը կարող ենք ուրիշների պատվիրել»։

Կազմակերպական և կարիքների գնահատման նպատակներով համակարգում գույքագրվում են տեղեկատվական սարքավորումները,  թափուր հաստիքերը և ծառայողական ավտոմեքենաները։

« Պետք է չափանիշներ մշակենք, թե ով պետք է ունենա նման մեքենա, ով՝ ոչ։ Չլինի այնպես, որ մեկն, ով չպետք է ծառայողական մեքենա ունենա՝ ունենա, իսկ ով պետք է ունենա, չունենա»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ նույնն արվելու է նաև բենզինի բաշխման հարցում։

Երբ ղեկավար պաշտոնյաներն արտաժամյա աշխատանքի են մնում, ութժամյա աշխատանքային օրը գերազանցում են նաև նրանց վարորդները.

« Այս հարցը որևէ կերպ պետք է կարգավորենք, վարորդները պետք է ունենան նույն իրավունքներն, ինչ մյուսները... »։


Ներքին կազմակերպական և վերադասավորման հարցերի շարքում ասվեց, որ Կոմիտեի՝ Երևանի Արշակունյաց պողոտայի շենք կտեղափոխվեն Կոմիտասի փողոցի մասնաշենքում տեղակայված երկու վարչությունները։