Դեպի վեր
Նորություններ

14.09.2018

Աննախադեպ ընտրություններ Կադաստրի կոմիտեում. ընտրողն անշարժ գույքի գնահատողն էր


 Կոմիտեի շենքում կազմակերպված փակ քվեարկությամբ ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Գագիկ Ասրյանը (17 ձայն), Մհեր Ղազարյանը (13 ձայն), Արտյոմ Պրիբիլսկին (12 ձայն), Տիգրան Գրիգորյանը (6 ձայն) և Վահրամ Սաֆարյանը (5 ձայն)։

 ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման որակավորման հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Լևոն Կոստանյանը (22 ձայն), Արտակ Աբրահամյանը (11 ձայն) և Արարատ Պապոյանը (11 ձայն)։

 Հայկական կադաստրի պատմության մեջ առաջին անգամ «համքարության անդամներն» իրենք ընտրեցին մասնագետներին որակավորող և վերահսկող երկու հանձնաժողովների անդամներին։ Առաջիկա օրերին Կոմիտեի ղեկավարը հանձնաժողովներում կնշանակի ընտրվածներին։

 «Հուսով ենք, որ այս եղանակով ձևավորված հանձնաժողովները շատ ավելի մեծ վստահություն կվայելեն ձեր շարքերում, և աշխատանքը կլինի առավել արդյունավետ»,- ընտրվածներին շնորհավորելով ասաց Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

 Մասնագիտական հանձնաժողովի համար ինքնառաջադրվել էր 11 թեկնածու, որակավորման հանձնաժողովի համար՝ 7։ Ընտրելու իրավունք ունեցող 76 գնահատողներից քվեարկությանը մասնակցեց 63-ը։


 Այս հանձնաժողովների անդամներին նախկինում ոչ միայն նշանակում, այլև ընտրում էր Կոմիտեն, որը վերջերս ազդարարեց անշարժ գույքի գնահատողների դաշտի ինքնակարգավորման սկիզբը։

 

 

 Քվեարկությունից առաջ գնահատողների շարքերից հնչեցին թե′ լավատեսական, թե′ հոռետեսական ելույթներ։ Վերջիններից էր թեկնածու Սոս Լպուտյանը, որն ինքնաբացարկ հայտարարեց երկու հանձնաժողովներում իր թեկնածությունից և կոչ արեց այսօր չանցկացնել քվեարկությունը։

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսանը փոխանցեց, որ օրվա ընթացքում տեղեկություններ են ստացվել, թե Կոմիտեից ուղղորդող կա՝ թե ում օգտին քվեարկել.
«Ում անունը որ հնչել է, այդ պաշտոնյային արգելել եմ ներկա լինել այս քվեարկությանը։ Ես ձեզ հավատացնում եմ, բոլոր քայլերը երկխոսության արդյունք են լինելու, առանց ձեր ցանկության ոչինչ չի արվելու, որովհետև հավատում ենք ինքնակարգավորման առավելություններին»։

 Ձևավորվեց նաև աշխատանքային խումբ, որը մշակելու է ինքնակարգավորման հայեցակարգը և մյուս քայլերը։ Որոշվեց խմբում ընդգրկել ինքնառաջադրված բոլոր գնահատողներին։