Դեպի վեր
Նորություններ

17.09.2018

Ծառայողական մեքենաների մեծ մասը կվերադարձվի, համակարգի բոլոր աշխատակիցները պարգևավճար կստանան…( աշխատանքային խորհրդակցություն)


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը՝ եղածի մոտ 55 տոկոսը, կվերադարձվի պետությանը: Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը հանձնարարական ստացավ այսօրվանից սկսել մեքենաները ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։

 Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ն այժմ Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են։ Երկուշաբթի հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավարը փոխանցեց նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես  նաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.

 «Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան ըստ մեր մշակած չափանիշների ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»։


 

 Նույն սկզբունքով են իրագործվելու նաև Կոմիտեում աշխատանքային սենյակների, առանձնասենյակների վերադասավորումները և ֆինանսական խնայողութունների հաշվին պարգևավճարների տրամադրումը.

 «Մոտեցումը հետևյալն է, որ մենք մեր խնայողությունները պետք է վերադարձնենք մեր բոլոր աշխատակիցերին և դարձյալ՝ արդար, հավասարության սկզբունքով»։  

 

 

 Կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանի հետ Սարհատ Պետրոսյանն օրերս ընդունեց Երևանի և Մարզերի միավորված ստորաբաժանման ռեգիստրներին։ Հանդիպմանը նա հայտնեց, որ Հանրապետության բոլոր ռեգիստրներին օգոստոս ամսվա համար պարգևավճար կտրամադրվի։ Այսօրվա խորհրդակցությանն այս մասին աշխատակիցներին տեղեկացնելով, Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ դա արվում է որպես «ռեգիստրների ռիսկային և պատասխանատու աշխատանքն արժևորելու, բարձր գնահատելու հավաստիք»։

 (Ռեգիստրների հետ հանդիպման մասին առավել մանրամասն՝ այստեղ )։  

 Կազմակերպական ներքին հարցերի քննարկումից առաջ Կոմիտեի ղեկավարն այսօրվա խորհրդակցությանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ «անբավարար» է գնահատել «ՇԱՆԹ 2018» զորավարժությունների անցկացման ընթացքը Կադաստրի համակարգում։ Թե ինչու էր ընթացքն ադպիսին, ծառայողական քննությունը ցույց կտա։ Իսկ մյուս խնդիրները, որոնք զորավարժությունների ընթացքում ի հայտ եկան ամեն ինչից անկախ, պետք է լուծվեն շատ շտապ՝ մինչև տարեվերջ։

 

 

Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե