Դեպի վեր
Նորություններ

20.09.2018

Կադաստրի կոմիտեում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր կա. Կոմիտեն ակնակալում է 5 բուհերի աջակցությունը


 «Չեմ ուզում ամեն ինչ սևացնել, թե նախկինում շատ վատ է եղել։ Էլի եմ ասել՝ 1990-ականների երկրորդ կեսին, երբ Կադաստրի համակարգը ստեղծվեց, ամենակայացած կառույցներից էր, 2010-ականների բարեփոխումները նույնպես առաջընթաց էին։ Բայց սա չի նշանակում, որ պետք է աչք փակենք սխալների վրա։ Դրանցից ամենալուրջը կոռուպցիոն ռիսկերն են… Իհարկե նաև՝ կրթական խնդիրները։ Ինձ չի հետաքրքրում, թե քանի հուշագիր է ստորագրվել բուհերի հետ, եթե դրանց արդյունքն արդունավետ չէ»,- Հայաստանում գործող 5 բուհերի ներկայացուցիչների հետ քնարկմանն ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսանը։  

 Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան, Ագրարային, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային,  Տնտեսագիտական համալսարանների ներկայացուցիչներին քննարկման հրավիրելու նպատակը Կոմիտեի համակարգը բանիմաց, երիտասարդ կադրերով համալրելն է։

 

 Բացառությամբ Ամերիկյան համալսարանի, Կոմիտեն համագործակցության հուշագրեր ունի մյուս 4-ի հետ, որոնց կատարման «արդյունքն անբավարար է».

 «Եվ ձեզ հետ փորձելու ենք ավելի արդյունավետ համագործակցության տարբերակ գտնել, քանի որ կադրերի մասով շատ լուրջ խնդիր ունենք։ Չի բացառվում, որ այս քննարկումների արդյունքում նորից վերադառնանք Ուսումնամեթոդական կենտրոնի գաղափարին ու իրոք որակյալ կադրեր պատրաստելու ճիշտ ձև գտնենք… Ու նաև պետք է հասկանալ՝ գիտահետազոտական զարգացումներն ու կադաստրի վարման գործում պետության քաղաքականությունն ինչպե՞ս կարելի է համատեղել»։

 

 Կադրերի առումով հատկապես սուր է ռեգիստրների հարցը, այս պահին բազմաթիվ թափուր տեղեր կան համակարգում։ Գնահատողների համակարգը չնայած ինքնակարգավորման է անցնում, սակայն նման մասնագետների կարիքը ևս զգացվում է։ Երրորդ խնդիրը՝ բանավեճ կա, թե արդյոք հին ավանդույթով, գեոդեզիան ու հողաշինարարությունը պետք է անջա՞տ մնան, թե հարկ է միասնականացնել։ Մյուս խնդիրը գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրումով համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։

 Ներկա իրավիճակի համար հյուրերի շրջանակից որպես պատճառ հնչեց Կադաստրի համակարգում անհամեմատ ավելի ցածր աշխատավարձը, քան մասնավորում ոլորտում է։ Կոմիտեի ղեկավարն այդ առիթով նշեց պարգևատրումների և հավելավճարների առավել հաճախակի, արդար ու ճկուն համակարգ ներդնելու մասին։

 

 Բուհերի տարբեր ներկայացուցիչներից կրթական մասով առաջարկեր հչեցին՝ Կադաստրի կոմիտեին անհրաժեշտ մասնագիտությունները դարձնել պետպատվերով, վերականգնել երբեմնի գիտատեխնիկական խորհուրդը, հրատարակել ուսումնական ձեռնարկներ ու գիտական ամսագիր, ուսանողների պրակտիկային Կոմիտեում «մատների արանքով չնայել», «մրցակցությունը մոռանալ» և համագործակցել, այս ոլորտի մատչելի տեղեկատվությունն ամբողջովին թվայնացնել։

 Այս առաջարկներին ի պատասխան Սարհատ Պետրոսյանն ասաց, որ ոչ միայն ամբողջական թվայնացում է լինելու, այլև առկա գույքի օդալուսանկարահանում, ինչը խիստ անհրաժեշտ է ու Հայաստանում աննախադեպ։ Իսկ Ինտեգրված կադաստր նոր ծրագրի իրականացումը տեղեկատվական միասնական բազա ստեղծելու և համատեղ օգտվելու հնարավորություն կտա պետական տարբեր գերատեսչությունների և հաստատությունների.

 «Համակարգը բացելու ճանապարհով ենք գնում… Մշակույթի նախարարության հետ առաջինը կստեղծենք մշակութային կադաստրը»։

 Պետպատվերի գաղափարին Կոմիտեի ղեկավարը դեմ չէ, բայց եթե «ամուր երաշխիքներ լինեն, որ չարաշահումներ չեն լինելու, և ծույլ ու անպատրաստ ուսանողն ինչ-ինչ «եղանակներով» չի օգտվելու դրանից… Այնուամենայնիվ, մենք շեշտը դնելու ենք մագիստրատուրայի վրա»։

Իսկ գեոդեզիան և հողաշինանարությունը միացնելու քննրկումները դեռևս կշարունակվեն։

--

 Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, ©ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե։