Դեպի վեր
Նորություններ

24.09.2018

Կադաստրի համակարգից «ընտրական միջամտություն» չի գրանցվել, մեկ շաբաթում վերացնե′լ շահերի բախումը, ստեղծել նոր վարչությունը… (աշխատանքային խորհրդակցություն)


 Համակարգի բոլոր աշխատակիցներից Կադաստրի կոմիտեի ղեկավարը պահանջում է՝ եթե կա շահերի բախում (աշխատակցի և Կոմիտեին առնչվող գործարքի փոխկապակցվածություն), անհապաղ վերացնել։ Արդյունքում կա′մ պետք է վերադարձվեն որակավորման վկայականները, կա′մ փակվեն համակարգի աշխատակցի հետ շահերի բախում առաջացնող կազմակերպությունները, ՍՊԸ-ները…

 «Մենք ոչ միայն քարտեզագրել ենք շահերի բախման դեպքերը, այլև սխեմա ենք բացահայտել. մեր աշխատակցին փոխկապակցված անձանց անունով ՍՊԸ է ստեղծվում, որն ապահովում է շղթան. հատկապես՝ չափագրում, գնահատում, գնում…  Այդ սպը-ները պետք է փակվեն, իսկ թղթերը՝ հանձնվեն պրն Հովհաննիսյանին»։

 Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Արսեն Հովհաննիսյանին տրված հանձնարարականն է՝ հաջորդ երկուշաբթի աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցել, թե այս առումով քանիսն են ինքնակամ վերադարձրել որակավորման վկայականները, ինչ ՍՊԸ-ներ են փակվել և այլն։ Դրանից հետո նման դրսևորումների հայտնաբերումը խիստ հետևանքների կհանգեցնի՝ «չնայած բոլորի աշխատանքային ներդրումներն այս համակարգում իսկապես արժևորում ենք»։ 

 

 

 «Փոխկապակցվածության» օրենսդրական ձևակերպումները տարբեր են։ Պետրոսյանն ասաց, որ այստեղ այդպիսին է համարվելու ոչ միայն «առաջնային» ընտանիքի անդամի՝ կնոջ, ամուսնու, այլև «երկրորդայինի»՝ կնոջ կամ ամուսնու ծնողների, զավակների փոխկապակցվածությունը Կոմիտեին առնչվող գործարքների հետ։

 «Այստեղ անձնավորված ոչինչ չկա։ Այնպես չի, որ չենք ուզում ընտանիքներ մտնող ֆինանսները քիչ լինեն։ Գիտենք, որ պետական համակարգում աշխատավարձը ցածր է։ Բայց պետք է հասկանալ, որ Կառավարության որդեգրած այս քաղաքականությունը՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելով բարձրացնել արդյունավետությունը, դրան էլ բերելու է»,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ հիշեցնելով իր դիրքորոշումը, որ այնուամենայնիվ նախ պետք է լավ աշխատել, հետո պահանջել բարձր աշխատավարձ, և ոչ թե բարձր աշխատավարձ պահանջել, հետո լավ աշխատել։

 Պետրոսյանի փոխանցմամբ, եթե նախկինում ոմանք աշխատավարձից «պակասող» մասը լրացնում էին «բենզինով», փոխկապակցված կազմակերպություների միջոցով և այլն, պետք է հիմա դրանից հրաժարվեն.

 « Գոտիները պետք է ձգել… Եվ ես նորից եմ վերահաստատում՝ որակյալ, արդյունավետ աշխատանքի արդյունքում մեր համակարգում պարբերաբար պարգևավճարներ կլինեն։ Եթե ուզում եք միասին քայլենք, եթե ուզում եք միասին արդյունքի հասնենք, եկեք աշխատենք այս պայմաններով»։ 

 

 Այս շաբաթվա ընթացքում արագ լուծելիք մյուս խնդիրը սպասարկման վարչության ստեղծումն է. սպասարկումը համարվում է համակարգի ամենաթույլ կետերից մեկը։ Կառուցվածքային, ավելի ճիշտ՝ Կադաստրի կանոնադրության այս փոփոխությունը հնարավոր դարձավ ՀՀ վարչապետի՝ նախորդ շաբաթ հաստատած որոշմամբ։

 Աշխատանքային խորհրդակցությունից առաջ Սարհատ Պետրոսյանն անդրադարձավ Երևանի ավագանու՝ երեկ կայացած ընտրության ընթացքին և արդյունքին.

 «Կարծում եմ, որ սա շատ լուրջ վստահություն էր գործող կառավարությանը, հետեւաբար Կադաստրի նոր թիմին, որը հին թիմի հետ միասին պետք է նոր ու լուրջ խնդիրներ դնի իր առջև և լուծի»։

 Քվեարկության նախօրեին Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում էր տեղադրել և կադաստրի համակարգի աշխատակիցներին հորդորել ընտրական-քարոզչական նպատակներով չօգտագործել պաշտոնեական դիրքը։ Առաջարկել էր իր աշխատակիցների կողմից խախտումներ նկատելու դեպքում անմիջապես ահազանգել՝ ավելացնելով, որ դրանցից հիմնավորներն անպայման ընթացք կստանան։ Այսօրվա խորհրդակցությանը գոհունակությունը փոխանցեց.

 «Նույնիսկ Շենգավիթում չենք ունեցել կադաստրի որևէ ներկա աշխատակցի ապօրինի ակտիվություն, ինչն այնտեղ նախկինում ավանդաբար եղել է։ Կշարունակենք մի քանի օր ևս հետամուտ լինել հրապարակվող ահազանգերին՝ ամբողջովին վստահ լինելու համար, որ մեր համակարգում չկան, այսպես ասած՝ «տասովշչիկներ»»։

 

                                     Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե