Դեպի վեր
Նորություններ

01.10.2018

«Փոխկապակցվածներ» չեն լինի, սպասարկման գրասենյակներում առցանց տեսահսկողություն կլինի, խնայված բենզինի փողը կուղղվի խրախուսմանը… (աշխատանքային խորհրդակցություն)


 Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով վերահսկողության վարչությունն ուսումնասիրել է Կադաստրի և մասնավորի գործարքներին աշխատակիցների փոխկապակցվածության դեպքերը։ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հինգ դիմում է ստացվել այս մեկ շաբաթում։

 Վարչության պետ Արսեն Հովհաննիսյանն այսօրվա խորհրդակցությանը զեկուցեց նաև, որ մոտ 300 իրավաբանական անձանց ցանկերն են ուսումնասիրել՝ հայտնաբերելով օրենքի կոպիտ խախտումներ։ Արձանագրել են, որ մոտ 40 մասնավոր ընկերություններ այս կամ այն կերպ կապված են Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարբեր պատշոնատար անձանց հետ։ Իսկ մեկ այլ դեպքում քաղծառայողը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

 «Մի մասին կներկայացնենք որակավորման կասեցման կամ դադարեցման պահանջ, իսկ լուրջ հետևանքներ առաջացրած դեպքերը, կարծում եմ, որ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին»,-եզրափակեց Հովհաննիսյանը։  

 Կոմիտեի ղեկավարն ավելացրեց, որ մեկօրյա ժամկետում նրանք պետք է վերադարձեն որակավորման վկայակաները, կամ պետք է լուծարել պայմանագրերը՝ այս խախտումների հիմքով։

 

 «Խայտառակ վիճակ է հատկապես «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում։ Վերահսկողության վարչության ներկայացրած ցանկի 40 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՊՈԱԿ-ի բաժնի պետերի կամ այլ աշխատակիցների հետ։ Խնդրում եմ, դուք էլ ուսումնասիրեք այս ցանկը և եռօրա ժամկետում զեկուցեք իրավիճակի մասին»,-ՊՈԱԿ-ի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Արամ Ստեփանյանին դիմեց Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ սա դեռ առաջին փուլն է, հաջորդում արդեն ընտանիքի հետ գործարքների առնչությունն է ուսումնասիրվելու։

 

Բոլոր ստորաբաժանումներում՝ տեսահսկողություն, Կոմիտեի ղեկավարության համար աշխատասենյակ՝ երևանյան բաժանմունքներում

  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանը հանձնարարեց շատ արագ քննարկել համակարգի բոլոր ստորաբաժանումներում համաժամանակյա, առցանց վերահսկողության տեսախցիկներ տեղադրելու հնարավորությունը. հատկապես՝ մուտքի սրահում և ռեգիստրների սենյակում։

 Իսկ Երևանի և Մարզերի միավորված ստորաբաժանումում և սպասարկման գրասենյակներում, հանձնարարեց մեկական աշխատասենյակներ առանձնացնել, որտեղ շաբաթվա մեջ առնվազն կես օր կաշխատեն Կոմիտեի ղեկավարը, նրա տեղակալները՝ տեղում հետևելով աշխատանքի ընթացքին։

 

 

   Բենզինի խնայողության գումարը՝ խրախուսման ֆոնդին, արհմիություններից՝ ոչ մի ավելորդ գումար

 Կադաստրի համակարգում բենզինի արդյունավետ գործածումից մոտ 40 մլն դրամի  խնայողություն է եղել, ինչը Կոմիտեի ղեկավարն առաջարկեց տեղափոխել  խրախուսման ֆոնդ։

 Հիշեցնելով, որ արհմիություններն աշխատողի իրավունքները պաշտպանելու և աշխատանքային պայմանները բարելավելու համար են, Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց իսպառ բացառել արհմիության ֆոնդից այլ նպատակներով գումար ծախսելու դեպքերը.

 «Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է, օրինակ՝ մեր գրասենյակի աշխատակցից արհմիության ֆոնդի պահումներից գոյացած գումարով այստեղ, ասենք, հանքային ջուր գնել…»։

 

 

 Կադաստրի համակարգը հնարավորինս հրաժարվում է պլաստիկե իրերից

 Կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը ծանուցեց պլաստիկե իրերից հնարավորինս հրաժարվելու քաղաքականություն որդեգրելու մասին։ Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ արդեն իսկ իր անմիջական աշխատակազմին խնդրել է պլաստիկե շշերով ջուր այլևս չգնել։ Հանձնարարեց լուծել նաև պլաստիկե բաժակները թղթե բաժակներով փոխարինելու և պլաստիկե ծրարներին («ֆայլերին») փոխարինիչներ գտնելու հարցերը։

 

 

Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե