Դեպի վեր
Նորություններ

04.10.2018

Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում անցած 50 օրը և առաջիկա 5 տարին


 Ներքին բացահայտումների արդյունքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 12 դեպքով նյութեր է ուղարկել իրավապահ մարմիններին։

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը խուսափեց մասնավորեցնել ու կոնկրետ անուններ տալ՝ լրագրողներին փոխանցելով, որ այդ մասին կհաղորդեն իրավապահները.  

  «Տպավորություն չթողնենք, թե ունեցած տեղեկություններն այլևայլ նպատակներով օգտագործելու խնդիր ունենք։ Մերկապարանոց հայտարարություններ չեմ ուզում անել»։


 

 Պետրոսյանը չժխտեց, որ, այո′, համակարգում, ինչպես և պետական որոշ այլ մարմիններում այդ գործերն «ինչքան նայենք, կնայվեն», որովհետև կոռուպցիոն ռիսկերը շատ են. «ձեր սիրած բառով՝ «ժուլիկությունից» մինչև գլոբալ խնդիրներ…»։

Պաշտոնավարման 50 օրն ամփոփող ասուլիսում Կոմիտեի ղեկավարին լրագրողները հարցրին, թե արդյո՞ք առանձնահատուկ կերպով չի ստուգում մեծահարուստ նախկին պաշտոնյաների գույքը.

 «Ես մեր աշխատակիցներին չեմ կարող հանձնարարել, թե գնացեք, Բաբայան և Ուլնեցու փողոցների տները մի հատ ստուգեք։ Եվ այնպես չի, որ ինքս քաղաքում քայլում եմ ու ասում՝ տեսնես այս տունը գրանցվա՞ծ է… Բայց եթե դիմում կամ հրապարակում կա, հանձնարարում եմ ստուգել։ Մեկ առ մեկ ստուգում ենք բոլոր ահազանգները և անհրաժեշտութան դեպքում նյութերն ուղարկում իրավապահներին»։

 Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանն առնչվող խնդիրների մասին «Հետք» էլեկտրոնայինի հրապարակման հիման վրա դատախազությունը նյութեր է նախապատրաստում.

 «Շատ այդպիսի հրապարակումների համար լրատվամիջոցները պաշտոնապես մեզանից են ստանում անշարժ գույքին վերաբերող տվյալները»,- ասաց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ շատ բարձր է գնահատում նման համագործակցութունը և լրատվամիջոցների հետ թափանցիկ աշխատանքը, ավելին, նրանց աջակցությունը.

 «Օրինակ, վերջերս «Փաստ» թերթը տարակուսել էր իմ գույքի հայտարարագրի մի կետից։ Դա օգնեց, որ նկատեմ այնտեղ եղած սխալը և արագ շտկեմ»։ 

 

 Օդալուսանկարահանումն ամեն ինչ «ջրի երես կհանի»

 Կոռուպցիոն սխեմաները բացահայտելուց բացի, Կադաստրում ընդհանուր լուծումներ են մշակվում դրանք բացառելու համար։ Վերջերս բացահայտվել են «փոխկապվածության» սխեմաներ, որոնք պետք է «քանդվեն»։

 Կոռուպցիոն ռիսկերը մեծապես կնվազեցնի ամբողջ Հանրապետության տարածքի օդալուսանկարահանումը, որը նախատեսված է հաջորդ տարի.

 ««Գուգլից» էլ մանրամասն և պրոֆեսիոնալ ենք տալու ամբողջ տեղեկությունը, և 2019 գարնանն առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում կհասկանանք, թե որտեղ իրականում ինչ կա»։

 Սա կարևոր է նաև նրանով, որ առավել բացահայտելի կդարձնի այն դեպքերը, երբ շինությունը չեն գրանցում՝ գույքահարկ չվճարելու համար, կամ գրանցում են այլ կարգավիճակով՝ գույքահարկը քիչ վճարելու համար։ Ի դեպ նույնը՝ գյուղատնտեսական հողերի մասին։

 

 

 Կադաստրի ծառայությունների սակագները կիջնեն արդյունավետությունը մեծացնելուց հետո միայն

 Լրագրողի դժգոհութանը, թե Կադաստրի գրասենյակների տված տեղեկանքների, այլ փաստաթղթերի սակագները շատ բարձր են, Սարհատ Պետրոսյանը պատասխանեց, որ տեղյակ է այդ հանրային տրամադրությանը. Կոմիտե գալու հաջորդ օրն իսկ փորձել է պարզել՝ ինչու՞ են բարձր, կա՞ն դրանք իջեցնելու հնարավորություններ։

 Պարզել է, որ այս պահին՝ ոչ։

 «Ներկայիս սակագները մեր կառույցը դարձնում են ինքնաբավ։ Կադաստրը պետբյուջեից գումարներ չի ստանում, քաղաքացիների վճարներով ենք «պահում» մեր 40 գրասենյակներն ու ավելի քան 700 աշխատակիցներին։ Մենք հիմա կարող ենք պոպուլիստական քայլ անել և սակագներն իջեցնել, բայց մյուս տարի «մեզ պահելու» գումարն ուզելու ենք պետբյուջեից։ Ստացվում է, որ հիմա համակարգը պահում է նա, ով դրանից օգտվում է, իսկ պետբյուջեից ֆինանսավորվելու դեպքում դրա համար կվճարեն բոլոր հարկատուները»։

 Սարհատ Պետրոսյանի առաջարկած մեխանիզմն է՝ նախ կատարելագործել ու առավել արդյունավետ դարձնել կադաստրային ծառայությունները, դրա շնորհիվ կրճատել ծախսերն, ինչից հետո իջեցնել սակագները։

 Մի այդպիսի հստակ օպտիմալացում արդեն եղել է. ծառայողական ավելորդ մեքենաների վերադարձը (նախկինում եղածի մոտ 55 տոկոսը) պետությանը տարեկան 49 միլիոն դրամի խնայողություն կապահովի Կադաստրի համակարգում։

 Սակայն առավել արդյունավետ են լինելու համակարգային լուծումները, որոնք նախատեսված են առաջիկա հինգ տարիների ծրագրում։

 

 50 օրում՝ 5 տարվա հիմքերը

 Պաշտոնավարման 50 օրում Սարհատ Պետրոսյանը Կոմիտեի գործընկերների հետ գցել է առաջիկա 5 տարվա աշխատանքի հիմքերը, ինչի արդյունքում Կադաստրի համակարգը 2022 թվականին 100 տոկոսով կդառնա անթուղթ, առցանց և ինքնաշխատ. քաղաքացու շփումն իրեն ծառայություն մատուցող աշխատակցի հետ չի լինի անհրաժեշտ, ինչը զրոյացնում է նաև կոռուպցիոն ռիսկը։

 Արդյունավետ կառավարման և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ևս նախատեսվում է կուռուպցիոն ռիսկերի զրոյացում, արդյունավետ կառավարում, առավել որակյալ սպասարկում։ Այս ամենը կհանգեցնի ծախսերի էական կրճատման՝ բերելով կադաստրի մատուցած ծառայությունների սակագների իջեցման։

Հնգամյա ծրագրի մյուս կարևոր մասն Ինտեգրված կադաստրի ստեղծումն է, ինչը նշանակում է մեկտեղել Հայաստանում գոյություն ունեցող քարտեզագրական բոլոր գործառույթները.

 « 2022 թվականին արդեն միասնական՝ Ինտեգրված կադաստրը  Հայաստանի կառավարության գերատեսչություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կտա կադաստրային հարցերով համագործակցել ֆանտաստիկ արագությամբ, ինչը նույնքան ֆանտաստիկ կերպով արդունավետ կլինի»։

 

Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե