Դեպի վեր
Նորություններ

05.10.2018

Կադաստրի կոմիտեն աջակցում է Հայաստանում իրականացվող միջազգային խոշոր ծրագրերին


 «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի միջազգային և տեղական ներկայացուցիչներին Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարն այսօր խոստացավ գերատեսչության ամենայն աջակցությունը՝ Հայաստանում «հողերի խոշորացման» և գյուղատնտեսական մյուս ձեռնարկներում։

 

 Եվրոպական հանձնաժողովն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում են «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) շրջանակում։

 

 Կոմիտեում հանդիպմանը ներկա էին ծրագրի միջազգային ու տեղական փորձագետներ Մաքսիմ Գորգանը, Նիլզ Օտտո Հալդրափը, Վահագն Գրիգորյանը, Զոհրաբ Կիրակոսյանը և ղեկավար Վահան Ամիրխանյանը։ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն՝ ղեկավարից բացի ներկայացնում էին տվյալ ոլորտը համակարգող տեղակալ Լևոն Մելիքյանը և հաշվառման, հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանը։

 Հյուրերի մասնավոր խնդրանքն էր՝ ստանալ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում հողերի խոշորացումից հետո ստեղծված «դե ֆակտո» վիճակի կադաստրային քարտեզներ, հողերի սեփականատերերի ցանկ և այլն։ Եվ նույնպիսի փաստաթղթեր՝ Արմավիրի մարզի Ծաղկունք և Տարոնիկ գյուղերի վերաբերյալ։ (Արմավիրի և Արարատի մարզի 10 համայնքներում Ֆրանսիական զարգացման և ՄԱԿ-ի պարենային զարգացման գործակալությունները մեկական հեկտարների վրա գյուղատնտեսական ծրագրեր են իրականացնելու, այդ թվում՝ ոռոգման)։

 

 

 

 Փորձագետներին հատկապես հետաքրքրում էին օդալուսանկարահանված, բազմաշերտ նկարները։ Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2015 թվականին Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը օդալուսանկարահանվել է, և առայժմ միայն այդ փաստաթղթերն է հնարավոր ստանալ։ Պատմեց, որ 2019-ի գարնանը կառավարությունը նախատեսել է առաջին անգամ ամբողջ Հայաստանի տարածքի օդալուսանկարահանումը՝ բարձր տեխնոլոգիաներով ու շատ բարձր որակով։

 

 Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր համարեց նաև հողային կատեգորիաների քարտեզագրման հեռանկարը՝ Հողային օրենսգրքում փոփոխություններով, ինչը ոչ միայն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, պետբյուջե կուղղի թաքցվող կամ դիտավորյալ նվազեցվող հարկերը (օրինակ, երբ խաղողի այգին որպես արոտավայր է գրանցված), այլև տեղեկատվական անփոխարինելի աղբյուր կլինի ներդրողների համար։

 

 Պետրոսյանը տեղեկացրեց նաև Հայաստանում առաջին անգամ Ինտեգրված կադաստր ստեղծելու ծրագրի մասին, որում, ի թիվս այլ գերատեսչությունների, ընդգրկված կլինեն նաև գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների կադաստրային փաստաթղթերը։

 

 

 

Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե