Դեպի վեր
Նորություններ

08.10.2018

Տարածքներում՝ տեսախցիկներ, քարտեզներին՝ տարբերանշան, շուկայի վերլուծությունը՝ եռալեզու (աշխատանքային խորհրդակցություն)


 Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչությունն անցած շաբաթվանից հնարավորություն ունի տեսանկարահանող սարքերի միջոցով հետևելու Երևանի տարածքային և Մարզերի միավորված ստորաբաժանումների աշխատանքին։ Հանձնարարականը նախորդ երկուշաբթի ստացած պաշտոնյան՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանն այսօրվա խորհրդակցությանը զեկուցեց նաև, որ լուծված է խնդրի մյուս մասը ևս՝ ուսումնասիրել, թե նույնանման ի′նչ հնարավորություններ կան տարածքային մնացած բոլոր ստորաբաժանումներում ևս նման սարքեր տեղադրելու համար.

 «Համապատասխան հատակագծերի վրա նշել ենք, թե մեր պատկերացմամբ որտեղ պետք է լինեն տեսանկարահանող սարքերը, և՝ ինչ տեսակի սարքեր»։

 

 

 

 Կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանը և գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը հանձնարարականներ ունեին Երևանի տարածքային ու Մարզերի միավորված ստորաբաժանումներում մեկական աշխատասենյակ առանձնացնել, որտեղ Կոմիտեի ղեկավարը և տեղակալները կկարողանան ըստ անհրաժեշտության աշխատել։ Երկուսում էլ համապատասխան տարածքներ կան, վերջնական ընտրությունը թողնված է ղեկավարին։

 Այսօրվա խորհրդակցությունը վարող Աշոտ Մուսայանի հնչեցրած հաջորդ հանձնարարականը շուկայի եռամսյա վերլուծությունները եռալեզու ներկայացնելու մասին էր. բացի հայերենից՝ նաև անգլերեն և ռուսերեն։ Առաջարկ եղավ այդ դեպքում Կոմիտեի պաշտոնական կայքը դարձնել եռալեզու, ինչին հետևեց մեկ այլ առաջարկ՝ միանգամից եռալեզու նախագծել նոր ստեղծվելիք կայքը։

 Իրավաբանական վարչության պետ Սամվել Մնացականյանը երկու հարց զեկուցեց. պայմանագրային աշխատողների որակավորման վկայականի և քարտեզները մեկանգամյա գործածության տրամադրելու կարգի մասին։ Առաջինի դեպքում ներկայացվեց մեխանիզմ, թե ինչպես պետք է վարվել այն դեպքում, երբ ստացվում է, որ «որակավորում չունեցողը ստուգում է որակավորում ունեցողին»։

 Երկրորդ դեպքի համար վարչությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որով սահմանել է այն պարտադիր պայմանները, որոնք պետք է ապահովել կադաստրային և տեղագրական քարտեզները մեկանգամյա օգտագործման տրամադրելիս՝ սկսած Կոմիտեի տարբերանշանի առկայությունից։ Սակայն, Մնացականյանի առաջարկն է, որ հարցը փաթեթով լուծվի. համապատասխան փոփոխություններ արվեն թե′ Վարչական օրենսգրքում, թե′ Քարտեզագրության և գեոդեզիայի մասին օրենքում.

 «Որովհետև, եթե սահմանվում է պարտավորություն, ուրեմն պետք է այն չկատարելու համար պատասխանատվություն նույնպես սահմանվի. հակառակ դեպքում օրենքը չի աշխատի»։

 

 

 Հանձնարարականների կատարման հարցերից զատ, կարծիք հնչեց Կադաստրի Կոմիտեի Թեժ գծի ինքնապատասխանիչում զանգերն ընդունող բաժինների հերթական համարները փոփոխելու մասին, քանի որ բոլորն ամենահաճախն առաջին համարն են ընտրում՝ որքան էլ որ «խնդիրն այդ բաժնի հետ ոչ մի կապ չի ունենում՝ դրանով ավելորդ ժամանակ խլելով ու ծանրաբեռնելով աշխատակիցներին»։

 «Որևէ բան փոխել չարժե, - ասաց Մուսայանը, - մեր համակարգը բաց է, աշխատանքը՝ թափանցիկ։ Որքան էլ երբեմն մեզ հետ կապ չունեցող հարցերով են դիմում, պարտավոր ենք բոլորին պատասխանել, որպեսզի բաց չթողնենք իսկապես մեզ վերաբերող որևէ հարց»։

 

 

Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե