Դեպի վեր
Նորություններ

08.10.2018

Պարզաբանում. միշտ չէ, որ «տեղեկատվությունն» ու «տեղեկանքը» նույն բանն են


 ՀՀ Սահմանադրական դատարանի 23.02.2016 թ. որոշմամբ, իսկ հետագայում նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ից ֆիզիկական անձիք (նաև տեղական ինքնակառավարման մարմինները) իրենց գույքի կամ գույքային իրավունքների մասին հայցվող տեղեկության համար ազատվում են տեղեկատվության համար վճարից:

 

 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև օրենքով սահմանված մյուս դեպքերում այլ՝ գույքի սեփականատեր չհանդիսացող անձանց ևս դա տրամադրվում է անվճար:

 

 Ինչ վերաբերում է միասնական տեղեկանքին, այն պարտադիր է միայն գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն առնչվող գործարքի համար (գույքի օտարում, վարձակալություն, հիփոթեք և այլն): Օրենքով միասնական տեղեկանքի տրամադրման համար վճարի չափը գյուղատնտեսական հողամասերի դեպքում սահմանված է 500 դրամ, Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար օտարվող հողամասերի համար՝ 1000 դրամ, իսկ գույքի մյուս տեսակների համար՝ 10 000 դրամ:

 

 Բացի այդ, օրենքով սահմանված են միասնական տեղեկանքի տրամադրման վճարի արտոնություններ, մասնավորապես՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում (367 բնակավայր, որը կազմում է բոլոր բնակավայրերի մոտ 36%-ը) գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության համար վճարը գանձվում է սահմանվածի 50%-ի չափով: