Դեպի վեր
Նորություններ

15.10.2018

Պարգևավճարների, «անխտիր ամեն ինչի» գույքագրման, անվճար «թեյուսուրճի» և աուդիտի մասին (աշխատանքային խորհրդակցություն)


. Երկուշաբթի օրվա խորհրդակցությունները չեն հետաձգվելու, եթե նույնիսկ ղեկավարը քաղաքում չէ։

. Պարգևավճարներն առաջիկա օրերին կտրվեն «հին ձևով», մյուս ամսվանից՝ նոր հրամանով ու նոր կարգով։

. Թե′ Երևանում, թե′ ամենահեռավոր գրասենյակում աշխատանքի ժամերին խմելու սուրճը, թեյն ու շաքարավազն աշխատակիցները կստանան անվճար։

. Տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումը կենթարկվի անկախ ՏՏ աուդիտի։

 

 

 «Ամենշաբաթյա այս հավաքները ոչ միայն իմ, այլև մեր Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմի խորհրդակցություններն են. այսինքն, անկախ նրանից, ես քաղաքու՞մ եմ, թե ոչ՝ դրանք չեն հետաձգվելու»,- իր բացակայության ժամանակ այս հավաքը վարած Աշոտ Մուսայանին շնորհակալությունը փոխանցելիս ասաց Սարհատ Պետրոսյանը։

 

 

 Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը «Եվրոգեոգրաֆիկսի» պրահյան վերջին համաժողովից իր արած երկու հետևության մասին փոխանցեց.

 «Քարտեզագրության ու հաշվառման՝ մեզ առնչվող ոլորտներում այս պահի մեր խայտառակ վիճակից դուրս գալու լավատեսական հիմքեր կան, քանի որ տեսանք երկրներ, որոնք կարճ ժամանակում կարողացել են դա անել։ Նրանց փորձի հիման վրա առաջ գնալու քայլեր պետք է մշակենք»։

 Մյուս հետևությունն այն է, որ հասցեների գրանցման լիազորությունը Հայաստանի կադաստրի կոմիտեն պետք է ստանձնի։ «Եվրոգեոգրաֆիկսին» մասնակից  երկրների մեծ մասում կադաստրային մարմինն է դա իրականացնում.

 «Կառավարությանն առաջարկ պետք է նախապատրաստել… Հիմա ինչպե՞ս է, քաղաքացին գալիս է մեզ մոտ, ասում ենք՝ նախ գնա, համայնքից հասցե վերցրու, հետո արի Վերջում թե մեզնից, թե ՏԻՄ-ից դժգոհ է մնում»։


 

 Հերթական պարգևավճարներն աշխատակիցները կստանան առաջիկա օրերին։ Դրանք այս անգամ էլ կփոխանցվեն ըստ նախկին ղեկավարի հրամանի, չնայած, Սարհատ Պետրոսյանի ասելով, տրամաբանությանն այնքան էլ չենթարկվող մոտեցում է նկատել այդտեղ։ Մյուս ամսվանից համակարգում պարգևավճարները կբաշխվեն ըստ նոր հրամանի, որը հնարավորինս «արդար և տրամաբանական բաշխում է ենթադրելու»։ Իսկ հունվարի 1-ից աշխատակիցները կվարձատրվեն ոչ թե ամիսը մի քանի անգամ («ավանս», աշխատավարձի մնացածը, «պրեմիա»), այլ մեկ անգամ և ամբողջովին։

 Կոմիտեում սկսված գույքագրումը խիստ մանրամասն է արվում, որպեսզի որևէ իր առանց գրանցման չմնա և որևէ մեկի որևէ խոշոր իր աշխատավայրում չհայտնվի.

 «Էլի այնպես չլինի, որ մեկն աշխատանքից ազատվելիս ամբողջ սենյակը դատարկի՝ ես եմ գնել, ես եմ բերել… Որևէ աշխատակից իրավունք չունի գասենյակն իր հաշվին վերանորոգելու, իր հաշվին համակարգիչ, տպիչ կամ այլ թանկ իրեր գնելու։ Ուրեմն մի բան այն չէ այդտեղ…»։

 

 

 Սարհատ Պետրոսյանը ներկաներին հիշեցրեց իր աշխատաոճի կարևոր սկզբունքը՝ նոր աշխատելաոճի պտուղներից պետք է օգտվի նաև Կոմիտեի աշխատակիցը.

 «Լինի Երևանի կենտրոնո՞ւմ, թե Մարալիկում կամ մի ուրիշ հեռու տեղ, բոլոր աշխատակիցներն այսուհետ պետք է ապահովված լինեն խմելու ջրով, սուրճով, թեյով ու շաքարավազով՝ խելամիտ չափաքանակները չգերազանցելով, իհարկե։ Իսկ «վաղն» արդեն կմտածենք աշխատակիցներին ընդմիջմանը սննդով ապահովելու մասին»։

 


 Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ որոշվել է անցկացնել առաջին աուդիտը և իրականացվելու է «մեր ամենակարևոր ու միեւնույն ժամանակ ամենախոցելի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների բլոկում, որն, իմ կարծիքով, մեր համակարգում ամենակայացածը պետք է լինի»,- եզրափակեց Պետրոսյանը։

 

 

-

    Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան. © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե