Դեպի վեր
Նորություններ

22.10.2018

Ծառայողական քննություն 6 ռեգիստրների հանդեպ, անվճար «սուրճի ու թեյի» գաղափարը շոու չէ, ընտրությունները կապ չունեն (աշխատանքային խորհրդակցություն)


 Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչությունն օգոստոս ամսին թույլ տրված մի քանի տասնյակ խախտում է բացահայտել. 42 աշխատակիցներից 38-ը ռեգիստր է, 4-ը՝ հաշվառող։ Ամենաշատը խախտումներ արձանագրած 6-ի հանդեպ (բոլորն էլ՝ ռեգիստր) ծառայողական քննություն է սկսվելու։

 Վարչության պետ Արսեն Հովհաննիսյանն այս մասին զեկուցեց աշխատանքային հերթական խորհրդակցությանը։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը փոխանցեց, որ խախտումներ արձանագրած ռեգիստրները չեն ստանա նախապես  խոստացված խրախուսումը։ Ինչ վերաբերում է հնչած դժգոհություններին, թե ինչու են նման խրախուսում ստանում միայն ռեգիստրները.

 «Կուզենայինք բոլորին տալ, բայց ի տարբերություն մյուսների, ռեգիստրների պատասխանատվությունը շատ մեծ է՝ նրանք իրենց անձնական գույքով են պատասխանատու խախտումների համար։ Եվ չեմ բացառում, որ այս ծառայողական քննության արդյունքում որոշ ռեգիստրներ կրեն այդ պատասխանատվությունը»։

 Պետրոսյանը հանձնարարեց արագացնել նաև մի քանի ամիս առաջ սկսված ծառայողական քննությունները.

 «Վերջապես պե՞տք է պարզել, թե աշխատակիցն ինչու է իր հաշվին թանկ իրեր գնել գրասենյակի համար»։

 

                                                 Անվճար սուրճն ու թեյը ոչ շոու են, ոչ քաղաքական կատեգորիա

 «Համակարգի աշխատողներին անվճար սուրճով, թեյով, շաքարավազով և խմելու ջրով ապահովելու մեր առաջարկը եթե որևէ մեկի համար ծիծաղելի է, ապա ինձ համար շատ կարևոր սկզբունք է. եթե ունենք միջոցներ, պետք է մեր աշխատակիցների համար լավագույն պայմանները ստեղծենք, լինի՝ համակարգիչ, կահույք, ջուր…, թե այլ բանով ապահովելով»,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ իրեն տարբեր արձագանքներ են հասել։ Նախորդ խորհրդակցությանը հնչեցրած այս գաղափարից և ընդհանրապես՝ իր հետ Կոմիտե բերած ծրագրերից ու աշխատաոճից, ասաց, որ չի հրաժարվելու, բայց, իհարկե, պատրաստ է ընդունել մյուսների առաջարկած ամենաճիշտ լուծումները.

 «Այսքան ռեսուրսներ ունեցող հիմնարկը վաղուց պետք է նման հարցերը լուծած լիներ. ինչու՞ չի արել։ Եվ այնպես չլինի, որ միլիոնավոր դրամներ՝ միջոցները փոշիացրած նախկին մի ծրագիր լուրջ համարեք, իսկ անվճար սուրճինը՝ շոու»։

 Պետրոսյանը հստակեցրեց, որ ոչ էլ ընտրական գործընթացներով են պայմանավորված համակարգում իր քայլերը, որ մինչև նոր խորհրդարանի ընտրություն և դրանից հետո էլ որևէ կերպ չի նահանջելու իր ծրագրերից.

 «Մենք մեր թափը չեք պակասեցնելու, ու եթե կուզեք՝ քվեարկության հաջորդ օրվանից ավելի մեծ թափով ենք աշխատելու… Միայն թե խնդրում, հորդորում ու պահանջում եմ՝ եկեք լինենք անկեղծ, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրները և իրականացնել մեր նպատակը՝ մարդկանց տալ հուսալի համակարգ և որակյալ սպասարկում»։

 

                                                                  Հաջորդ տարվա ևս մի քանի հարց

 Խորհրդակցությանն այսօր քննարկվեց նաև հրատարակվող ատլասների, մասնագիտական բառարանների ճշգրիտ, անսխալ լինելու հարցը։ Հաջորդ տարվա բյուջեով Կոմիտեն չի նախատեսում  նոր ատլասների հրատարակում, սակայն ապագայում  բացի որակյալ բովանդակությունից, նաև արտաքին որակ պետք է ուենան.

 «Դա չի նշանակում՝ կաշեպատ, պարզապես պետք է ներկայանալի լինեն»։

 Հանձնարարվեց, որ համակարգի բոլոր ստորաբաժանումները ներկայացնեն, թե հաջորդ տարի գնվելիք ինչ գույքի կարիք ունեն և պայմանագրային ինչ աշխատողների։ Առաջիկա մեկ շաբաթում ով չներկայացրեց պայմանագրային աշխատողների ցանկը, «հունվարի մեկից չի ունենա պայմանագրային աշխատող»։

 Անշարժ գույքի շուկայում իրավիճակի պարբերական հաշվետվություններն արդեն թարգմանվում են, և առաջիկայում դրանք կտեղադրվեն Կոմիտեի պաշտոնական կայքէջում, կուղարկվեն շահագրգիռ, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին։

 Սարհատ Պետրոսյանը վերջում տեղեկացրեց, որ մյուս տարի «մեր գրասենյակների քանակն օբյեկտիվորեն նվազելու է»։ Միաժամանակ ավելացրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի «սոցիալապես ռիսկային մարդիկ գործազուրկ չմնան»։