Դեպի վեր
Նորություններ

25.10.2018

Մինչև 2022 թվականի ավարտը Կադաստրի կոմիտեն կստեղծի ու կհրապարակի ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզները


 Ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզ մշակելու՝ Կադաստրի կոմիտեի հանձնառությունն օրերս հավանության արժանացավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի նիստում՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

 Հանրությանը, պետական շահագրգիռ մարմիններին, տեղական և միջազգային հնարավոր ներդրողներին Կոմիտեն կապահովի կադաստրային ճշգրիտ և հասանելի ինտերակտիվ քարտեզներով։ Այսինքն, մինչև 2022թ. ավարտն էլեկտրոնային եղանակով կքարտեզագրի տվյալների բազան, կհրապարակի և որոնման եղանակով հասանելի կդարձնի դրանք (անձնական տվյալներ ինտերակտիվ քարտեզներում չեն լինելու) ։

 Հայաստանի Հանրապետությունում հողային կադաստրը հիմա փակ է, և որևէ տարածքի մասին տեղեկություն ստանալու համար պետք է դիմել Կադաստրի կոմիտե կամ համապատասխան ՏԻՄ։ Տարիներ շարունակ Կոմիտեն այդ տեղեկատվությունը քաղաքացիներին տրամադրել է առձեռն՝ միայն օրենքով սահմանված կարգով, իսկ համայնքների ղեկավարներն ունեցել են հողամասերը կամայական տնօրինելու հնարավորություն։

 Մինչդեռ առցանց ինտերակտիվ քարտեզները թափանցիկ կդարձնեն հողային կադաստրի և հողօգտագործման սխեմաները, գոտիավորման փաստաթղթերը, ինչն ավելի հաշվետվողական կդարձնի համապատասխան կառույցները, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչու՞ չէ, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։

 Քաղաքացիական հատվածից Կոմիտեի գործընկերն այս հարցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է։