Դեպի վեր
Նորություններ

29.10.2018

Ամենակարևորն է՝ իրականում ինչպես ենք սպասարկում քաղաքացիներին (աշխատանքային խորհրդակցություն)


 «Մենք կարող ենք մեր քաղաքականությունը փոխելու լուրջ ծրագրեր հաստատել այստեղ, բայց մեր մասին վերջնական կարծիքը կազմում են ոչ թե մեր լուսանկարներով կամ հարցազրույցներով, այլ թե ինչպես ենք քաղաքացիներին սպասարկում մեր գրասենյակներում»,- այսօրվա խորհրդակցությունը բացելիս ասաց Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Կոմիտեում ինչ արվում է, արվում է խնդիրներն իրապե′ս լուծելու համար։

 Պետրոսյանը մանրամասն պատմեց իր հարազատ եղբոր դեպքի մասին, երբ վերջերս մոտ տասն օր շարունակ Կադաստրի կոմիտեի գրասենյակներից մեկում չի հաջողել անսխալ միասնական տեղեկանք ստանալ։ Պետրոսյանը հավելեց, որ նման դեպքերի մասին տեղեկություններ իրեն շատ են փոխանցում, ինչը նշանակում է, որ քաղաքացուն որակյալ ծառայություն մատուցելու գերնպատակից դեռևս «բավական հեռու ենք»։ Բացի այդ՝

 «Ես բացարձակապես չեմ միջամտել իմ եղբոր ու մյուս դեպքերում և չեմ միջամտելու, նույնը ձեր բոլորից եմ ակնկալում»։


 

 Վերահսկողության վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը զեկուցեց, որ 112 խախտում են հայտնաբերել, որոնք թույլ են տրվել մոտ 6 շաբաթյա ժամկետում (4 հաշվառողների հանդեպ ծառայողական քննություն սկսելու որոշումը կա արդեն, այսօր չի բացառվում նաև 6 ռեգիստրների հանդեպ ծառայողական քննություն սկսելու որոշումը)։

 Վարչությանն են փոխանցվել Կադաստրի համակարգում խախտումների մասին նաև լրատվամիջոցների վերջին հրապարակումներն ու Լոռուց Ֆելիքս Կիրակոսյանի բողոք-տեսաուղերձը Կոմիտեի ղեկավարին։ Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց ուսումնասիրության արդյունքը լինելուն պես տարածել արձագանք-հրապարակումը։

 

 

 Նախորդ շաբաթ Կոմիտեի Ֆեյսբուքի էջում դժգոհություն էր հնչել՝ կապված գնահատողների քննության ընթացակարգի հետ, մասնավորապես, «2 րոպե ուշանալու պատճառով քննության չթողնելու»։ Համապատասխան վարչության և գնահատողների որակավորման ստուգման մասնագիտական հանձնաժողովի նախագահ Հմայակ Հակոբյանի պարզաբանումը լսելուց հետո Պետրոսյանն առաջարկեց, որ ստուգման ընթացակարգը վերանայելու, քննական հարցերն էլի պարզեցնելու եղանակները քննարկվեն, քանի որ վերջին անգամ 29 դիմորդներից ընդամենը երկուսն է հաղթահարել շեմը (3 դիմորդի մասնակցությունը չէր թույլատրվել ուշանալու պատճառով)։

 «Այնուամենայնիվ, ստուգումը հանձած երկուսի ցուցանիշները բավական բարձր էին»,- հիշեցրեց Հակոբյանը՝ նշելով նաև, թե հանձնաժողովի անդամ գնահատողներին է տրված հարցատոմսերը պարզեցնելու հնարավորությունը։

 

 

 «Վերջապես կարծես թե գտել ենք այն շենքը, որը դոմինոյի էֆեկտի պես առաջ է տանելու կառուցվածքային մեր բարեփոխումները. կարող ենք Գյումրիում ունենալ մեր շատ հզոր՝ արխիվի ստորաբաժանումը»,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ չբացառելով, որ այդ բարեփոխումների արդյունքում ոչ միայն կրճատվեն, այլև ստեղծվեն նոր աշխատատեղեր.

 «Բարեփոխումների միակ «բացասական թիրախը» ոչ պարտաճանաչ աշխատակիցն է։ Այնպես որ, պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատակիցները կարող են հանգիստ խղճով շարունակել աշխատել, ոչ ոք նրանց «չի նեղացնի»… Հակառակը՝ մեր ստորին օղակներում աշխատող, «մոռացության և անուշադրության» մատնված լավ աշխատողներն առաջ են քաշվելու, վերջապես գնահատվելու են ըստ արժանվույն»։

 Ի դեպ, խրախուսումների կարգի մասին առաջիկայում սպասվող որոշման մեջ կետ է մտցվելու, որ ստորաբաժանման ղեկավարը ևս կարող է իր աշխատակիցներին խրախուսելու առաջարկներ ներկայացնել։

 

 

 «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի շենքը կունենա շենքային պայմանների համար կոնկրետ մեկ պատասխանատու։

 Կադաստրի համակարգի բոլոր աշխատակիցներին հունվարից անվճար թեյով, սուրճով, շաքարավազով և խմելու ջրով ապահովելու հարցը լուծվում է։

 Կփոխվի Կոմիտեի ներքին հեռախոսակայանը (ATC) ։ Կաշխատեն օպերատորներ, աշխատանքը կհեշտացվի, զանգերի ընդունման տեխնիկական կողմը ևս առավել որակյալ կդառնա, ծախսերը կնվազեն. 150 հեռախոսահամարի փոխարեն մոտ կշահագործվի մոտ 20-ը՝ խնայելով լուրջ գումարներ ( թիվը դեռևս ճշտվում է, կհրապարակվի)։

--

Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե