Դեպի վեր
Նորություններ

05.11.2018

Խրախուսման կարգի, «ոչ սուրբ հին կադրերին հետ բերելու», Կոմիտեի շենք ելումուտի մասին (աշխատանքային խորհրդակցություն)


 Մոտ 80-օրյա պաշտոնավարման ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով 66 մարդ ընդունվել է աշխատանքի, 91 մարդ ազատվել է (որից 9-ը գտնվում է կադրերի ռեզերվում՝ Գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը լուծարվելու արդյունքում, մեկը վերակազմակերպման արդյունքում հրաժարվել է առաջարկված պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում, 58-ն ազատվել է իր դիմումի համաձայն…)։ 15 թափուր պաշտոններում այս օրերին համալրում է սպասվում, մի շարք մրցույթների հայտերն ընդունելու ժամկետները հենց այս պահին էլ դեռ չեն ավարտվել, և Կոմիտեում աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին Պետրոսյանը հորդորեց անպայման և «հանգիստ խղճով» տարածել մրցույթի հրավիրող հայտարարությունները.

 «Հաղթող ենք ընտրում իրոք լավագույնին՝ ստորաբաժանման ղեկավարի հետ խորհրդակցելով։ Վերջերս նույնիսկ զարմացած արձագանքներ եմ ստացել՝ ուրեմն, առանց ծանոթի հնարավո՞ր է Կադաստրում աշխատանքի ընդունվել»։

 

 Ինչ վերաբերում է սոցցանցերում հնչած քննադատությանը, թե Կոմիտեի նոր ղեկավարը հետ է բերում «ոչ սուրբ հին կադրերին», ասաց, որ  յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, բայց երկրորդ անգամ սխալվելու հնարավորություն արդեն ինքը չի տալու այդ աշխատակիցներին.

 « Ես պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա՝ քանի դեռ մարդն արդար աշխատում է։ Բայց եթե երկրորդ անգամ սխալվեց, իրեն պատասխանատվության ենթարկելու հարցում գնալու եմ մինչև վերջ»։  

--

 Աշխատանքային խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց երկու շաբաթում ներկայացնել խրախուսման նոր կարգի վերջնական նախագիծը, որպեսզի դեկտեմբերի 1-ից արդեն աշխատակիցներն իմանան, թե ինչ տրամաբանությամբ են հունվարից վճարվելու լավ աշխատանքի դիմաց։

 Այս պահի դրությամբ որոշված է, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար եռամսյակը մեկ իր 1 աշխատակցի պետք է պարգևավճարի ներկայացնի (առաջիկա թեկնածությունները պետք է ներկայացնել մինչև դեկտեմբերի 5-10-ը, իսկ խրախուսումը լրացուցիչ է լինելու՝ գումարվելով նախորդներին)։ Ստորաբաժանումների ղեկավարներից նա այս հարցում ևս առավելագույն անաչառություն է ակնկալում։ Իսկ ղեկավարներն այս սխեմայով պարգևավճար չեն ստանա։ Պետրոսյանը փոխանցեց, որ կարգն առավել «արդար ու անվիճարկելի» դարձնելու ուղիներ են որոնում և անպայման գտնելու են։

--

 Մինչև անշարժ գույքի գնահատողների որակավորման հաջորդ քննությունը էլի ու էլի կպարզեցվի և կհրապարակվի մոտ 800 կետանոց հարցաշարը. այս անգամ հարցերի հետ նախապես կհրապարակվեն նաև պատասխանները։

--

 Պետրոսյանը հանձնարարականներ տվեց Կոմիտեի շենքում ելումուտն ըստ պատշաճ կարգի ապահովելու մասին. ովքեր մշտական ելումուտի իրավունք չունեն, առանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու և առանց հյուրընկալողի ուղեկցության չպետք է մուտք գործեն շենք ( այդ թվում՝ նախկին աշխատակիցները)։

--

 «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի ամբողջ շենքում առանձին տնտեսական մաս ձևավորելու որոշումն արդեն կա, շուտով կորոշվի նաև, թե ով է լինելու պատասխանատուն։

 

 

 Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե