Դեպի վեր
Նորություններ

12.11.2018

Վարչական լծակները չծառայեցնե′լ քարոզչությանը, ջեռուցումը միացնել, երբ աշխատասենյակում +20-ից ցածր է, մարզեր և Արցախ այցերը՝ արդյունավետ (աշխատանքային խորհրդակցություն)


     Ոչ մի նախընտրական ուղղորդում համակարգի ներսում

    Ինչպես Երևանի ավագանու, այնպես էլ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններից առաջ Սարհատ Պետրոսյանը Կոմիտեի և տարածքային գրասենյակների աշխատակիցներին կոչ է անում ապահովել չեզոքություն, պաշտոնեական դիրքը կամ վարչական որևէ ռեսուրս չօգտագործել այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատ թեկնածուի օգտին.

 «Իսկ եթե մեր աշխատակիցն ուզում է թեկնածու առաջադրվել, իհարկե, իր իրավունքն է։ Բայց մասնավորապես ռեյտինգայինի դեպքում պետք է հորդորեմ արձակուրդ վերցնել»։

 Պետրոսյանն ասաց, որ բոլորն ազատ են իրենց որոշման մեջ, բայց «չուղղորդելու» մոտեցումը պահանջում է բոլորից՝ ինչքան էլ այս ընտրությունները շատ կարևոր են, որոշիչ նաև Կադաստրի համակարգում բարեփոխումների համար.

 «Չնայած ընտրական արդյունքի հարցում մտահոգվելու հիմքեր չունեմ, բայց եթե ագամ ունենայի, դարձյալ որևէ ուղղորդում չէր լինելու իմ կողմից»։

 Պետրոսյանը նաև հորդորեց ըմբռնումով մոտենալ այն աշխատակիցների զբաղվածությանը, որոնք օրենքով պարտավորություններ ունեն ընտրությունների կազմակերպման տեխնիկական հարցերով։

 

 

     Աշխատանքի ավելի լավ պայմաններ ապահովելու համար

 Կադաստրի ցանկացած գրասենյակ այսուհետ իրավունք ունի ինքնուրույն տնօրինելու իր ջեռուցման ժամկետի հարցը։ Եթե աշխատասենյակներում ջերմաստիճանը Ցելսիուսով +20 աստիճանից ցածր է, ջեռուցումը պետք է միացված լինի։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցությանն այս նոր կարգը ներկայացնելիս ասաց.

 «Բոլոր տեղերում նոյեմբերի 15-ից ջեռուցումն սկսելը ավանդույթի ուժով պահպանվել էր, բայց ջեռուցման հարցը պետք է կարգավորվի ոչ թե ամսաթվով, այլ ջերմաստիճանով. եթե ձմեռը շուտ է գալիս, չի նշանակում, որ մարդիկ պետք է սառեն։ Եվ չենք կարող, օրինակ, Արտաշատում ու Սյունիքում ջեռուցումը սկսել նույն օրը»։

 Կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի և ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանի հետ Կոմիտեի ղեկավարն այս փուլում քննարկում է աշխատավայրից մինչև 70կմ և ավելի քան 70կմ հեռավորության վրա բնակվող աշխատակիցների տրանսպորտային կամ այլ կարիքների համար փոխհատուցման չափը բարձրացնելու տարբերակները, քանի որ ներկայումս գործող փոխհատուցման չափը շատ փոքր է։ Այն մասնավորապես վերաբերում է Միավորված մարզային և Երևանի ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք և Տավուշի մարզերից հրավիրվել են Երևանում աշխատելու։  

 Առաջիկայում Կոմիտեի շենքում կսկսվեն անգլերենի անվճար դասընթացները։ Ուսումնական առաջին խմբի 12 անդամները՝ ըստ ցանկության և անգլերենի պահանջված նվազագույն իմացության, կլինեն աշխատակազմի պաշտոնյաներն ու մեկ աշխատակից՝ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից։

 

    Հեռավոր գրասենյակներ և Արցախ կատարած այցերի մասին

 «Շատ հետաքրքիր օրինաչափություն՝ ինչքան Երևանից հեռու ենք գնում, այնքան մեր գրասենյակներն ավելի կոկիկ ու պատշաճ են դառնում»,- նախորդ շաբաթվա մարզային այցերն այսպես ամփոփեց Կոմիտեի ղեկավարը՝ ավելացնելով, որ այս առումով միակ բացառությունը Բերդի գրասենյակն էր.

 «Հենց տեղում որոշեցինք, որ այնտեղ պետք է լուրջ հիմնանորոգում իրականացնենք»։

 Սահմանամերձ գրասենյակները Կադաստրի ուշադրության կենտրոնում են, և որոշված է, որ ծառայողական մեքենաները, ի տարբերություն մյուսների, այնտեղ չպետք է հետ հանձնվեն պետությանը։ Սակայն Նոյեմբերյանի գրասենյակի մեքենան վերադարձվել է, և առաջին իսկ հնարավորության դեպքում Կոմիտեն այս սխալը կշտկի։

 Սարհատ Պետրոսյանը շատ արդյունավետ գնահատեց նաև Արցախ կատարած այցը։ Փորձի փոխանակման արդեն որոշակի հանձնարարականների շարքում է ՀՀ կադաստրի կոմիտեից մասնագետների խմբի գործուղումն Արցախ։