Դեպի վեր
Նորություններ

19.11.2018

Կոմիտեի ուշադրության կենտրոնում մարդն է՝ լինի այցելու՞, թե համակարգի աշխատակից. աշխատանքային խորհրդակցություն


. 1 500 000 դրամ՝ Կադաստրի կոմիտեից «Հայաստան» հիմնադրամին։

. Երևանի 3 գրասենյակները՝ առաջին անգամ աշխատելով նաև շաբաթ-կիրակի, 162 այցելու են ունեցել։

. 70կմ և ավելի հեռվից Երևան աշխատելու տեղափոխվածներին բնակվարձի փոխհատուցում կտրվի։

. Աշխատասենյակներում ծխելն արգելելը ոչ թե «կապրիզ» է, այլ օրենքի պահանջ։

 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 1,5 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Արարենք միասին» հեռուստամարաթոնին ընդառաջ։ Նոյեմբերի 19-ի աշխատանքային խորհրդակցությանը նշվեց, որ գումարը փոխանցվել է Կոմիտեի արհմիության միջոցներից։ 

 Խորհրդակցությանն ամփոփվեց Երևանի գրասենյակների աշխատանքային առաջին շաբաթ-կիրակին։ Բոլոր երեք գրասենյակները միասին այդ երկու օրերին ունեցել են 162 այցելու (Կենտրոն՝ 67, Արաբկիր՝ 61, Շենգավիթ՝ 34)։

 Կոմիտեի ղեկավար Պետրոսյանի հրամանով Երևանի բոլոր երեք գրասենյակները նոյեմբերի 17-ից աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Շաբաթ-կիրակի օրերի հավելյալ աշխատանքի դիմաց աշխատակիցները վարձատրվելու են կրկնակի։ Նորամուծության նպատակն է այցելուների համար ժամանակի առումով նույնպես հարմար դարձնել Կադաստրի ծառայությունները և թեթևացնել աշխատակիցների՝ շաբաթվա մյուս օրերի ծանրաբեռնվածությունը։

 Մեթոդաբանության և համակարգման վարչության պետ Դավիթ Ավետիսյանին Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց շարունակել հետևել արդյունքներին, որպեսզի «տարեվերջին վերլուծենք ու հասկանանք, թե արժե՞ ունենալ աշխատանքային այսպիսի գրաֆիկ»։

Ինչ վերաբերում է համակարգում սպասարկման գրասենյակներին ընդհանրապես.

 «Բարեփոխումներին զուգահեռ ավելի ու ավելի պահանջկոտ ենք լինելու սպասարկման որակի, մթնոլորտի, կահավորման ոճի հանդեպ, որովհետև մարդիկ մեր գրասենյակներով են մեզ ճանաչում»։

 

 Սարհատ Պետրոսյանն առաջիկա օրերին կավարտի համակարգի բոլոր գրասենյակներ այս փուլում առնվազն մեկ անգամ այցելելու իր ծրագիրը։

 Իսկ նախորդ շաբաթվա հանձնարարականը՝ համակարգի ցանկացած ստորաբաժանումում և գրասենյակում ապահովել օդի առնվազն պլյուս 20° ջերմաստիճան, կատարված է (որտեղ ջերմաստիճանն այդ չափանիշից ցածր է, միացվում է ջեռուցումը՝ անկախ ամսաթվից)։ Երկու-երեք վայրում միայն խնդիրներ կան, որոնք, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասանի վստահեցմամբ, այսօրվա ընթացքում կկարգավորվեն։

Կոմիտեի ղեկավարը, գլխավոր քարտուղարը և տեղակալները քննարկել են Երևանից 70կմ և ավելի հեռավորության վրա մշտապես բնակվող և մայրաքաղաքում աշխատող անձանց բնակվարձի ամսական փոխհատուցման ողջամիտ չափը.

 «Բայց դա կտրվի միայն այն աշխատակիցներին, որոնք մեր բարեփոխումների արդյունքում են տեղափոխվել այստեղ. մենք միայն նրանց հանդեպ ունենք պարտավորություն»։

 Իսկ մինչև 70 կմ հեռու այլ բնակավայրերից Կոմիտեի որոշումների արդյունքում Երևանում աշխատելու տեղափոխված անձանց ամսական առնվազն 35 հազար դրամի տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կտրվի (ներկայիս 25 հազարի փոխարեն)։

Հանձնարարականներ տրվեցին նաև գործող երեք ստորաբաժանումների միավորման գործընթացի վերաբերյալ։

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում այսօրվանից սկսվում են մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները, որոնց 24 մասնակիցները համակարգից են, 4-ը՝ «դրսից»։

 «Առաջին անգամ է, որ նման դասընթացներ վարող մեր աշխատակիցները վճարվելու են», - տեղեկացրեց ՊՈԱԿ-ի ղեկավար Արամ Ստեփանյանը։

 Կոմիտեն վճարում է իր աշխատակիցների դասախոսական աշխատանքը, քանի որ դասաժամերն աշխատանքային ժամերից դուրս են։

Խորհրդակցությանը քննարկված հարցերից էր նաև աշխատասենյակներում չծխելը։ Կոմիտեի շենքում ծխողների համար Պետրոսյանի կարգադրությամբ ամիսներ առաջ առանձին տարածք հատկացվեց.

 «Սակայն նկատվել են աշխատասենյակում ծխողներ, ինչը խստիվ պետք է բացառվի։ Եվ սա իմ «կապրիզը» չէ, օրենքի պահանջ է»։