Դեպի վեր
Նորություններ

27.11.2018

100 օրվա համատեղ գործի համար՝ շնորհակալություն, ինտեգրված կադաստրի հարցում «դանդա′ղ կշտապենք», աննախադեպ սիմպոզիում՝ այս ուրբաթ (աշխատանքային խորհրդակցություն)


 Հիշեցնելով, որ օրերս (նոյեմբերի 23-ին) լրացել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի 100 օրը, Սարհատ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդակցությանը ներկա և ընդհանրապես համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնք իրեն աջակցել են գաղափարներով ու գործով.

 «Կարծում եմ, որ դեռ շատ երկար կաշխատենք միասին. և թե ես էլի ու էլի կսովորեմ ձեզանից, թե ինքս շատ բան կտամ համակարգին»։

 Պետրոսյանը ներկաներին ծանուցեց, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի GIS և հեռահար զոնդավորման լաբորատորիայի հետ Կոմիտեն աշխատաժողով (սիմպոզիում) է հրավիրել, որում ի մի կբերվի երկրատեղեկատվական համակարգերի պետական և ոչ պետական կառույցներում եղած ներուժը։ Մասնագետներին կոչ արեց անպայման մասնակցել միջոցառմանը՝ ծանոթ լինելու զեկույցներում ամփոփված տեղեկություններին։

 Աշխատաժողովի շրջանակում նաև շնորհանդես է նախատեսված. Սարհատ Պետրոսյանը և Կոմիտեի ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանն առաջին անգամ հրապարակային կներկայացնեն ինտեգրված կադաստրի գաղափարը.

 «Ի դեպ, այլ գերատեսչություններում ողջունում են այդ գաղափարը, շտապեցնում են, որ արագ կյանքի կոչենք, բայց մենք դանդաղ կշտապենք՝ ծրագիրը ճիշտ ուղու վրա դնելու համար։ Համոզված եմ՝ հաջողելու ենք»։ 

 

 Նախորդ շաբաթ Կոմիտեի ղեկավարն ավարտեց կադաստրի մարզային բոլոր 40 գրասենյակներ այս փուլում առնվազն մեկ անգամ այցելելու իր ծրագիրը.

 «Այնտեղ նաև շատ նոր բաներ բացահայտվեցին։ Արման Պետրոսյանի (Կոմիտեի ղեկավարի տեղակալ) և Դավիթ Ավետիսյանի (սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ) հետ կամփոփենք բոլոր խնդիրները, կհասկանանք, թե որտեղ ինչ պետք է փոխել, չնայած շատ տեղերում փոփոխություններ արդեն կային»։

 Գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանը զեկուցեց երեք ստորաբաժանումների միասնականացման ընթացքի մասին։ Ուրբաթ օրը Կոմիտեի 2 պաշտոնյա գործուղվել է Վայոց ձոր (միասնականացող երեք ստորաբաժանումներից է)։ Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը տեղում մեկ առ մեկ ծանոթացավ այն աշխատակիցների փաստարկներին, որոնք չեն ցանկանում ընդունել Երևանում աշխատանքի և փոխհատուցման առաջարկը։ Ինչ վերաբերում է Վայոց ձորի ստորաբաժանման արխիվի տեղափոխմանը, Եգանյանը զեկուցեց, որ արխիվային նյութերի համար 50-53 քառ մ տարածքի անհրաժեշտություն կա։ Կոմիտեի ղեկավարի հետ այս շաբաթվա ընթացքում առանձին կքննարկվի՝ արխիվն ո′ւր է տեղափոխվում, և դրա համար տեխնիկական ի′նչ միջոցներ են անհրաժեշտ։

 

 

 Արդեն երկրորդ շաբաթ-կիրակին է, ինչ Երևանի կադաստրային երեք գրասենյակներն աշխատում են։ Սպասարկման մեթոդաբանության վարչության պետ Ավետիսյանի ներկայացրած տվյալներով, այս անգամ նախորդի համեմատ կրկնապատկվել է շաբաթ-կիրակի երեք գրասենյակներում իրականացված գործողությունների թիվը. հիմա՝ 306, որից Կենտրոնի և Արաբկիրի գրասենյակներում՝ 126-ական, Շենգավիթում՝ 54։

 Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց շաբաթվա ընթացքում այս երեք գրասենյակներում կատարվող գործողությունների պատկերն էլ նայել՝ հասկանալու շաբաթ-կիրակի օրերի համեմատ աշխատանքի դինամիկան։

 Նոյեմբերի 26-ի խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարը կրկին անդրադարձավ նախկին աշխատակիցների «ազատ ելումուտի» հարցին, ինչի իրավունքը նրանք արդեն չունեն, և գլխավոր քարտուղարին հանձնարարեց խստացնել կարգը։

 «Մենք բաց ենք աշխատում, բայց փակ ենք ամենաթողության առջև»։

 Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ նկարահանումները Կադաստրի գրասենյակներում չեն արգելվում. ընդամենը պետք է տեղեկացնել հանրային կապերի բաժնին։ Մինչդեռ ստորաբաժանումները փակ հաստատություններ են, որոնցում նկարահանումներն արգելված են, և միայն բացառիկ դեպքերում Կոմիտեի ղեկավարի համաձայնությամբ հնարավոր է նկարահանում իրականացնել։

Խորհրդակցության ավարտին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արամ Ստեփանյանն առաջարկեց վերահրատարակել Ազգային ատլասի անգլերեն տարբերակը, այս անգամ՝ վաճառքի համար։ Պահանջարկ կա՝ դատելով գիրքը գնելու համար իրենց ուղղված բազմաթիվ դիմումներից։ Մինչ օրս հրատարակված տպաքանակը միայն գերատեսչություններին և պետական այլ հաստատություներին բաժանելու համար է։

 «Շատ լավ է, որ պահանջարկը կա։ Սակայն եկեք քննարկենք ու վաճառքի իրավական մեխանիզմը հասկանանք։ Չնայած ես դիզայնից ու տպագրության որակից այնքան էլ գոհ չեմ, և դրա համար ենք միառժամանակ դադարեցրել Ատլասի ռուսերեն տարբերակի տպագրությունը»,- եզրափակեց Պետրոսյանը։

--

 Լուսանկարներ՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե