Դեպի վեր
Նորություններ

03.12.2018

Որևէ գրասենյակ չի փակվում, չափագրողները ցուցակագրվում են, առաջին սիմպոզիումը հաջողված էր (աշխատանքային խորհրդակցություն)


                 . Կադաստրի որևէ գրասենյակ փակելու որոշում չկա։

                 . Զտվում է չափագրողների ինստիտուտը։

                 . Վարչությունը ոչ միայն կվերլուծի անշարժ գույքի շուկան, այլև շուկայի զարգացման քաղաքականություն կմշակի։

                 . Երկրատեղեկատվական հարցերով սիմպոզիումին կհաջորդեն կադաստրային մյուս մասնագետների հավաքները։

 

 

 «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա կադաստրի որևէ գրասենյակի փակման որոշում,-ի պատասխան իրեն հասած անդրկուլիսային խոսակցությունների, ասաց Կոմիտեի ղեկավարը,- այո, կան գրասենյակներ, որոնց պահպանման ծախսերը գերազանցում են նրանց նպատակայնությանը։ Եղել ենք բոլորում, մի քանի խայտառակ պատկերի ենք հանդիպել, ու կասեմ՝ որոշ մարդկանց նպատակայնության հարցն էլ պետք է քննարկել։ Բայց այս պահին չկա որևէ գրասենյակ փակելու որոշում»։

 Ավելին, տեղակալ Արման Պետրոսյանի և գրասենյակների աշխատանքը համակարգող վարչության պետ Դավիթ Ավետիսյանի հետ քննարկվել է 1-2 քաղաքներում, օրինակ՝ Վայքում, նոր գրասենյակ ավելացնելու հարցը.

 «Այնպես որ, մեր բարեփոխումները չեն լինելու քաղաքացիների սպասարկման վատթարացման հաշվին։ Մեր բարեփոխումների նպատակը մեր միջոցներն արդյունավետ ծախսելն է և որակը բարձրացնելը»։

 

 

 Մինչև հաջորդ երկուշաբթի պետք է պատրաստ լինեն անշարժ գույքի որակավորված բոլոր չափագրողների ցուցակները, որոնք ուղարկվելու են համակարգի օղակներին։  Կոմիտեի ղեկավարը նաև հանձնարարեց ցուցակներից հանել կազմակերպությունների անունները.

 «Մենք կազմակերպություն չենք որակավորում, մենք անձանց ենք որակավորում»։

Ինչպես գնահատողներինը, չափագրողների ինստիտուտը կայացնելու հարցը նույնպես երկար ժամանակ Կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում է.

  «Մի քանի ամիս շարունակ կետ առ կետ մշակել ենք քաղաքականությունը, և սա, այսպես ասած, վերջին շտրիխն է։ Ունենք անհատ չափագրողներ և չունենք կազմակերպություններ. դրանով ամբողջովին անհատների վրա ենք դնում պատասխանատվությունը, և վերանում է չափագրողների ու մեր գրասենյակների կամ քաղաքապետարանների հետ փոխկապակցվածության սխեման»։

 

 

 Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության՝ նախորդ շաբաթ ներկայացրած վերլուծությունը փաստում է, որ 2018թ. սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի գրանցման գործարքները հոկտեմբերին ավելացել են 27,1 %-ով։ Սարհատ Պետրոսյանը՝ մեկ անգամ ևս ծանուցելով գոհացուցիչ փաստը, հայտարարեց, որ այս վարչությունն այսուհետ ոչ միայն շուկայի դիտարկում է անելու, այլև մշակելու է անշարժ գույքի շուկայի զարգացման քաղաքականություն։

 

 

 Սարհատ Պետրոսյանը և գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը շնորհակալություն հայտնեցին միջազգային կապերի բաժնին՝ երկրատեղեկատվական հարցերով առաջին սիմպոզիումը նախորդ շաբաթ ըստ պատշաճի կազմակերպելու համար։

Պետրոսյանն ավելացրեց, որ մասնագիտական հավաքներն ավանդույթ կդառնան ու կկիրառվեն «կադաստրային» այլ մասնագետների դեպքում ևս.

 «Նույնը արել ենք գնահատման ոլորտում, շուտով կիրականացնենք նաև չափագրման ոլորտում և, ինչո՞ւ ոչ, կարող է նման հանդիպումներ ունենանք նաև անշարժ գույքի շուկայի այլ խաղացողների՝ կառուցապատողների ու մյուսների պարագայում»։

Ինչ վերաբերում է Ինտեգրված կադաստրի գաղափարին, ինչը Կոմիտեի ղեկավարն առաջին անգամ հրապարակավ ներկայացրեց նախորդ շաբաթվա սիմպոզիումի շրջանակում.

 «Մասնագիտական առարկություներ, համենայնդեպս, չստացանք։ Իսկ դա նշանակում է, որ գոնե գլոբալ առումով ճիշտ ուղու վրա ենք»։  

--

 Լուսանկարները՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե