Դեպի վեր
Նորություններ

11.12.2018

«Համակարգը պետք է ժամացույցի նման աշխատի». աշխատանքային խորհրդակցություն


 Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ ընտրության քվեարկության հաջորդ օրը բացելով աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը զգացողությունը փոխանցեց, որ ավելի քան երկու տասնամյակ «իրար այսքան հավեսով չէինք ասել՝ բարի լույս»։ Բոլորին շնորհավորանքը փոխանցելով ընտրությունների ազատ ու արդար ընթացքի առիթով, ավելացրեց, որ իրոք պատմական օրեր ենք ապրում.

 «Կարծում եմ, որ շատ կարևոր ձեռքբերում է, նույնիսկ եթե հիմա չենք գիտակցում, ապագայում կգնահատենք թե մենք, և թե մեր սերունդները»։

 

 Կոմիտեի գործունեության հնգամյա ծրագրում՝ պահպանելով արդեն իսկ ամրագրված անելիքը, կադաստրի բոլոր ոլորտների համար կավելացվեն նաև այն գաղափարները, որոնք մշակվեցին, իսկ որոշ գաղափարներ անգամ սկսեցին կյանքի կոչվել վերջին ամիսներին։ Ամեն դեպքում, դրանց իրականացումը, եթե չի սկսվել, պետք է մեկնարկի 2019 թվականին։

 Գնահատման ոլորտում՝ ինքնակարգավորման գաղափարը, գրանցման մասով՝ հասցեների ռեգիստրի գաղափարը, հաշվառման ոլորտում՝ գյուղատնտեսական հողերի սահմանների ճշգրտումը (ավելանալով հողերի որակական գնահատմանը, ինչն արդեն ամրագրված է ծրագրում), գեոդեզիայի մասով՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքային (NSDI) ստանդարտների մշակումը…

--

 Ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանը փոխանցեց համապատասխան պետական մարմինների դրական արձագանքը, որ Կադաստրի կոմիտեի տրամադրած ավարտուն փաստաթղթերն առանց կնիքի տրամադրելու գաղափարը կիրառության խնդիրներ չի ունենա օրենսդրական փոփոխություն կատարելու դեպքում։

 «Շատ լավ նորություն է, սա կլինի փոքր, բայց հեղափոխական քայլ, առաջին քայլը դեպի անթուղթ կադաստր տանող ճանապարհին, որի մասին անընդհատ խոսում ենք վերջին ամիսներին»,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ հորդորելով արագ մշակել Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում տվյալ փոփոխությունների նախագիծը, որպեսզի հունվարին այն արդեն շրջանառության դրվի Ազգային Ժողովում։

 Փոփոխությունների էությունն այն է լինելու, որ քաղաքացին Կադաստրի տրամադրած փաստաթուղթը, օրինակ՝ սեփականության վկայական, միասնական տեղեկանք և այլն, կարողանա ստանալ, այսպես ասած՝ «տանը», և միմիայն փաստաթղթի վրա կնիք ունենալու համար չայցելի կադաստրի գրասենյակ։ Փաստորեն այս փոփոխությամբ մյուս տարի արդեն Կադաստրի գրասենյակ երկու այցի փոխարեն կարելի է մեկ այցով իրականացնել նույն գործողությունը։

 

 Չի բացառվում, որ այս շաբաթ կձևավորվի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումը, որը գործելու է Կոմիտասում (Երևանում)։ Կոմիտեի ղեկավարը սա անվանեց Կադաստրում խոշոր բարեփոխումների ամենակարևոր քայլերից մեկը, որը, մյուս կողմից, շարունակում է Կադաստրի “ապատարածքայնացման” քաղաքականությունը։

--

 Ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը զեկուցեց, թե այս անգամ ինչ տվյալներ են գրանցվել Կադաստրի՝ առանց հանգստյան օրերի աշխատող երեք գրասենյակներում (Երևան. Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր)։ Նախորդած շաբաթ-կիրակիի տվյալների համեմատ, գործարքներն այս վերջին երկու օրում 35 տոկոսով ավելացել են այս գրասենյակներում, սակայն ինչպես և նախկինում, կիրակի օրվանն անհամեմատ զիջում են շաբաթ օրվա տվյալներին։

 Երևանյան գրասենյակների կիրակի օրվա աշխատանքի արդյունավետության կամ նպատակահարմարության հարցը դեռևս ուսումնասիրվում է։ Այս գրասենյակներն առանց հանգստյան օրերի աշխատելու գրաֆիկին են անցել 2018թ. նոյեմբերի 17-ից։ Աշխատակիցները շաբաթվա ընթացքում աշխատում են 5 օր, իսկ շաբաթ-կիրակի օրերի աշխատանքը վարձատրվում է կրկնակի։

 

 Կոմիտեի իրավաբանական վարչությունը, տեղեկատվական կենտրոնը և ընդհանուր բաժինը հանձնարարություն ստացան գլխավոր քարտուղարի կոորդինացմամբ ձևակերպում մշակել, որը կամրագրվի տեղեկատվական հատուկ նյութեր, հատկապես քարտեզներ տրամադրող բոլոր նամակների ստորին հատվածում։ Պետական մարմինները պետք է տեղյակ լինեն, որ իրենք այդ տեղեկատվությունն անվճար ստանալու իրավունք ունեն, բայց երրորդ անձանց տրամադրելու իրավունք՝ ոչ.

 «Պետք է նաև ծանուցել, որ մենք ունենք տեխնիկական հնարավորություն՝ ստուգելու, թե այսինչ անձի մոտ հայտնված քարտեզն ով է տրամադրել...

 Բացի այդ, այս տարիներին փոքրիկ խախտումներ Կադաստրում էլ շատ են եղել։ Օրենքով վճարովի սահմանված տեղեկությունները երբեմն անվճար են տրամադրվել լրատվամիջոցներին։ Տեղեկատվությունը պետք է տրամադրվի օրենքի տառին համապատասխան և առանց բացառությունների»։

--

 Սարհատ Պետրոսյանը հեռակա հանձնարարականով բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին դիմեց. եթե աշխատակիցն իրենց դիմում է որևէ հարցով, պետք է իրե′նք լուծում տան, այլ ոչ թե աշխատակցին ուղարկեն Կոմիտեի ղեկավարի, գլխավոր քարտուղարի մոտ.

 «Դա վատ կառավարման, կարելի է ասել՝ ոչ կոմպետենտության նշան է. որոշումները պետք է տեղում կայացվեն, խնդիրները՝ տեղում լուծվեն։ Հակառակը մեզանից չհիմնավորված ռեսուրս ու ժամանակ է խլում, իսկ համակարգը պետք է ժամացույցի նման աշխատի»։