Դեպի վեր
Նորություններ

17.12.2018

Նոր կառավարության ձևավորումից հետո Կադաստրի կոմիտեում վարչությունների միջև որոշ դերեր կվերաբաշխվեն (աշխատանքային խորհրդակցություն)


 «Չնայած հանդիպումը շատ դրական ու հաճելի էր, ինչպես նաեւ ուսանելի, դիրքորոշումս շատ չի փոխվել, հաշվետվությունները լսելուց հետո մեկ անգամ ևս համոզվեցի, որ Կոմիտեն հսկայական քանակությամբ անիմաստ աշխատանք է պատվիրել ՊՈԱԿ-ին, նա էլ դա իրականացրել է»,- նկատի ունենալով Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում նախորդ շաբաթ տեղի ունեցած հաշվետու լսումները, խորհրդակցության մասնակիցներին այսօր ասաց Կոմիտեի ղեկավարը՝ ավելացնելով, որ այս տարվանից այդպես չի լինելու, և կշտկվի իրավիճակը.

 «Միևնույն ժամանակ, մի քանի այլ խնդիր էլ կա, ինչը կառավարության նիստում ունեցած ելույթում ամրագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես խոսելով «ԾԻԳ-իզմի» ու «ՊՈԱԿ-իզմի» մասին»։  

 

 

 Սարհատ Պետրոսյանը բացթողում է համարում նաև այն, որ աշխարհագրական անունների քարտադարանը վարում է ՊՈԱԿ-ը, մինչդեռ դրանց պատվիրատուն և պատասխանատուն Կոմիտեն է։ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ստեփանյանին առաջարկել է վերանայել ներկա դրվածքը՝ քարտադարանի վարումն ամբողջովին հանձնելով Կոմիտեի այն վարչությանը, որը պատասխանատու է աշխարհագրական անունների համար։ Ասաց, որ խնդիրը լուծում պետք է ստանա նոր կառավարության ձևավորումից հետո, երբ Կոմիտեում քննարկվի վարչությունների միջև որոշ դերերի վերաբաշխումը.

 «Որևէ ՊՈԱԿ-ի ղեկավար, անկախ նրանից՝ ինքը կոռումպացվա՞ծ է, թե ոչ, չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունում աշխարհագրական անունների ռեգիստրը։ Սա շատ կարևոր բան է»։

 

 

 Նախորդ շաբաթ ստացվել է կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջին աուդիտի արդյունքը։ Ավարտուն տեսքով այն սպասվում է այս շաբաթ, և մշակված ծրագիրն, ըստ Սարհատ Պետրոսյանի, կդառնա կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական ուղենիշը, որի հիման վրա Կոմիտեի տեղեկատվական «Տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումը շատ մոտ ապագայում կիրականացնի արդիական նորամուծությունները՝ սկսած համակարգչային պաշտպանվածությունից.

 «Չնայած Կադաստրը պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների առումով ամենաառաջադեմներից է, բայց անելիք շատ ունենք։ Մեր համակարգի ամենախոցելի խնդիրներից է, բայցև՝ ամենահեշտը լուծվողը, քանի որ լուծումն ամբողջովին մեզանից է կախված»։

 

 

 Կադաստրի կոմիտեի անունից շարժական կապի բաժանորդներին ուղարկվող հայերեն հաղորդագրությունները պետք է լինեն հայատառ։ Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց այս ծառայությունն իրականացնող օպերատորին զգուշացնել այդ մասին և բացառել Կոմիտեի անունից ոչ հայատառ հաղորդագրությունների մատուցումը՝ կա տեխնիկակա՞ն խնդիր, ուրեմն հաղորդագրություն չի լինի, եթե լատինատառ հայերենով է լինելու։

 Մինչև հաջորդ տարի աշխատանքային առաջիկա շաբաթում ավարտուն տեսքի պետք է բերվի Կոմիտեի 5-ամյա «թարմացված» ծրագիրը, իսկ տարվա վերջին աշխատանքային շաբաթվա ընթացքում բոլոր օղակների ղեկավարների հետ պետք է քայլ առ քայլ քննարկվի, թե 2019 թվականի առաջին եռամսյակում շաբաթվա կտրվածքով ի′նչ է արվելու, և ո′վ է լինելու դրա պատասխանատուն։

--

Լուսանկարները՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե