Դեպի վեր
Նորություններ

20.12.2018

Պահպանում ենք ու պաշտպանում, դրա համար է′լ ավելի ենք պաշտպանվում (Կադաստրի համակարգում առաջին ՏՏ աուդիտը)


 Տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան երեք լավագույն մասնագետների թիմը (տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյան, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյան և ՏՏ ոլորտի մասնագետ Վարդան Արզումանյան) ավարտել և Կոմիտեի ղեկավարությանն է ներկայացրել կադաստրի ամբողջ համակարգում անցկացրած առաջին աուդիտի հաշվետվությունը։ Սամվել Մարտիրոսյանը բացատրում է, որ ընդհանուր թվայնացմանը զուգահեռ՝ տեղեկատվական անվտանգության զարգացող ռիսկերի գնահատումը ունի մի քանի շերտ.

 «Դրանցից մեկը բոլոր հաստատությունների համար ընդհանուր, նույնանման ռիսկերն են։ Օրինակ, հասկանալի է, որ Հայաստանի յուրաքանչյուր պետական հաստատություն մի շարք հարևան երկրների հաքերների համար մշտական թիրախ է։ Կամ, կան տարածված կրիպտովիրուսներ, որոնց հայտնվելը Կադաստրի ներքին ցանցում խնդիր կդառնա ոչ միայն բուն Կադաստրի, այլև հազարավոր հաճախորդների համար։

 Մյուս կողմից, գրեթե բոլոր պետական հաստատություններին բնորոշ է, օրինակ, հստակ աշխատանքային հայեցակարգերի, կանոնների բացակայությունը բոլոր աշխատակիցների համար։ Կադաստրի ղեկավարությունը արդեն այս ուղղությամբ սկսել է աշխատանքը, ինչը շատ ողջունելի է։ Եվ քանի որ Կադաստրը գնում է դեպի ամբողջովին թվայնացում, ապա կարևոր է տվյալների լիարժեք պաշտպանությունը»։


 

 Մանրակրկիտ ուսումնասիրելով տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող մարդկային և տեխնիկական գործոնները, մասնագետ խորհրդատուների եռյակը գնահատել է անվտանգության ռիսկերը, առանձնացրել առաջնահերթ լուծման ենթակա կարևոր խնդիրները։ Խորհրդատուների թիմը նաև ներկայացրել է առաջարկություններ, թե ինչպես կարելի է է′լ ավելի մեծացնել համակարգում տվյալների պաշտպանության անվտանգությունը։ Իսկ ինչպե՞ս համատեղել հակակոռուպցիոն ջանքերով պայմանավորված թափանցիկ աշխատաոճն ու տեղեկատվության պաշտպանվածությունը, Մարտիրոսյանն առաջարկում է.

 «Կարելի է մտածել, օրինակ, Կադաստրի համակարգում բլոկչեյնի կամ նման այլ տեխնոլոգիաների կիրառման մասին, ինչը թույլ կտա ՏՏ միջոցներով թե մեծացնել անվտանգությունը, թե նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը»։ 

 Աուդիտի հաշվետվության հիման վրա մշակված ծրագիրն, ըստ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի, կդառնա կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական ուղենիշը։ Կոմիտեի տեղեկատվական «Տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումը շատ մոտ ապագայում կիրականացնի արդիական նորամուծությունները.

 «Չնայած Կադաստրը պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների առումով ամենաառաջադեմներից է, բայց անելիք շատ ունենք։ Մեր համակարգի ամենախոցելի խնդիրներից է, բայցև՝ ամենահեշտը լուծվողը, քանի որ լուծումն ամբողջովին մեզանից է կախված»,- աշխատանքային խորհրդակցությանն այս շաբաթասկզբին Կոմիտեի աշխատակիցներին ասաց Պետրոսյանը։