Դեպի վեր
Նորություններ

21.12.2018

Կարևորը հմուտ կադրերն են. ռեգիստրի գործի դասընթացի ավարտին հավաստագրեր հանձնվեցին


   31-ամյա Լուսինե Ղալթախչյանը Կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանումում անշարժ գույքի ռեգիստր է, իսկ 26-ամյա Գուրգեն Առուստամյանը Կադաստրի համակարգից չէ. երկու օր առաջ մասնագիտական քննությանը Լուսինեն 40 հնարավորից 40 միավոր է հավաքել, Գուրգենը՝ 39։ Քննությունը կազմակերպվել էր մասնագիտական ուսուցման դասընթացների ավարտին, իսկ դեկտեմբերի 20-ին Կոմիտեում հավաստագրեր հանձնվեցին 29 մասնակիցներին։ 

 

։ 

 

 

 

 Առաջին հավաստագիրը Լուսինեն ստացավ։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այն հանձելիս նրան «հերոս» ավանեց, իսկ Գուրգենի հավաստագիրը հանձնելիս կարևորեց, որ դասընթացներին մասնակցել են ոչ միայն Կադաստրի աշխատակիցները։ Անձամբ Պետրոսյանից հավաստագրերը ստացավ քննությանն ամենաբարձր միավորներ հավաքած տասնյակը։ Սրանք առաջին նման դասընթացներն էին նրա՝ Կոմիտեի ղեկավար նշանակվելուց ի վեր.

 «Սկզբում կարծում էի, թե մասնագիտական ուսուցումը ոչ թե մեզ մոտ, այլ բուհերում պետք է լինի, և այնտեղ պետք է կադրեր պատրաստվեն, բայց շատ կարճ ժամանակահատվածում հասկացանք, որ վաղ է այդ մասին մտածելը։ Եվ դուք, ձեր քննության արդյունքը հակառակը ցույց տվեցին՝ մեզ անհրաժեշտ է ունենալ ուսումնական այս միավորը»,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ ռեգիստրի գործն անվանելով «անշարժ գույքի գրանցման գործառույթի պրոցեսի գլխավոր տարրը»։


 

 Պետրոսյանը շնորհակալությունը փոխանցեց դասընթացների կազմակերպիչներին՝ «որոնք հնարավոր դարձրին և լավագույն ձևով իրականացրին թե համակարգից, թե դրսից դիմած երիտասարդների մասնագիտական ուսուցման գործը»։

 Հավասատագրերին սպասող երիտասարդներն ուրախ ու անբռնազբոս էին դահլիճում, արարողությունն ուղեկցվում էր փոխադարձ կատակներով, չնայած դռներից այն կողմ՝ նրանցից թաքուն, Աիդա Մուրադյանը չկարողացավ զսպել հուզմունքը։ Մեզ բացատրեց՝ շատ են մտերմացել, բաժանումը տխրեցնող է.

 

 «Այո, առաջին դասընթացները չէին, բայց տևողությունը շատ երկար էր. մեկ ամիս հանդիպում էինք. ամեն օր աշխատանքից հետո՝ երկու ժամ, շաբաթ օրերին՝ չորս ժամ։ Իրենց հետ գրեթե միշտ դասի էի նստում…»։

 Սարհատ Պետրոսյանի փոխանցմամբ, ռեգիստրները միշտ պետք է լինեն ու լինելու են Կոմիտեի ուշադրության կենտրոնում: Պետրոսյանը փոխանցեց նաև, որ Կադաստրի համակարգը մարդիկ են, կադրե′րն են ներկայացնում Կադաստրը, նրա′նք են Կադաստրի դեմքը, ուստի պետք է համակարգի ռեսուրսներն ուղղել նրանց բարձր պատրաստվածությանը. 

 «Եվ այդ գործում այս դասընթացները կարևորելու համար որոշեցի ինքս հանձնել առաջին հավաստագրերը։ Շատ կուզենամ մյուս մասնագիտություններով մեր դասընթացների ավարտին էլ նույնն անել»։

 

 Ունենալ լավ կադրեր, արժևորել լավ աշխատող կադրերին, փորձել այնպես անել, որպեսզի նրանք չունենան պատշաճ աշխատանքը խոչընդոտող որևէ հոգս. կադրային հարցում անելիքն այսպես բանաձևեց Կոմիտեի ղեկավարը։