Դեպի վեր
Նորություններ

27.12.2018

Կոմիտեում Երևանի քաղաքապետին ներկայացված ծրագրերի արդյունավետությունը կզգացվի առնվազն 100 տարի


 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 26-ին Կադաստրի կոմիտեում էր։ Նման ձևաչափով առաջին այս հանդիպմանը երկու կողմի պաշտոնյաներն ավելի քան երկու ժամ քննարկեցին, թե մայրաքաղաքին առնչվող նույնանման հարցերում ինչպես պետք է համագործակցեն Կադաստրն ու Քաղաքապետարանը, որպեսզի համընկնումներ, «տարաչափումներ» չլինեն, նախկինում եղածները վերացվեն, և որպեսզի ընդհանուր խնդիրները միասին լուծեն։

 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կիրառվելիք՝ Կադաստրի համակարգում մշակված ծրագրերը, Քաղաքապետարանի ներկայացուցիչներն՝ իրենց նկատառումները։

 

 Ծրագրերից է Երևանի երկրատեղեկատվական համակարգով մշակված (GIS) բազայի հիմնումը։ Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը տվյալների քարտեզագրումը սկսել է 2005թ.-ից, սակայն վերջին թարմացումը եղել է 2012 թ.-ին։ Պետրոսյանը խոսեց այդ բազայի ոչ միայն թարմացման և ճշգրտման, այլև ստանդարտների բերելու մասին, այդ թվում՝ միջազգային։ Այս ուղղությամբ առաջին քայլը Հանրապետության ողջ տարածքի օդալուսանկարումն է, որն արվելու է 2019թ. գարնանը։

 

 Մյուս քայլը տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այնպիսի համակարգի կիրառումն է, երբ այդ բազայի որևէ շերտի տվյալների տիրապետող ցանկացած կառույց ինքը կկարողանա բազայում անմիջապես ամրագրել իր ոլորտում արված փոփոխությունը, իսկ դա անմիջապես «կերևա» թե′ Կադաստրում, թե′ Քաղաքապետարանում, թե′ դա տեսնելու իրավունքն ունեցող որևէ կառույցում։ Իսկ որ ամենակարևորն է՝ Կադաստրի արձանագրումները կերևան Քաղաքապետարանում, Քաղաքապետարանի արձանագրումները՝ Կադաստրում։ Յուրաքանչյուր ընկերություն (օրինակ, տվյալ տարածքում ջրի կամ գազի մատակարարը) բազայում տվյալներ փոփոխելու հնարավորություն կունենա միայն իր մասով։

 

 Այս ծրագիրը նաև նշանակում է, որ կշտկվի այժմ տիրող իրավիճակը, երբ տարբեր գերատեսչություններում նույն տարածքի վերաբերյալ տվյալները կարող են իրարից խիստ տարբերվել։ Բազայում այս անգամ կընդգրկվեն նաև որևէ բնակավայրի կամ անբնակ հողատարածքի ստորգետնյա տվյալները (օրինակ, նորահայտ հնագիտական հուշարձան, գազի կամ ջրի խողովակաշար, ստորգետնյա ավտոկայանատեղ և այլն)։

 Անընդհատ թարմացվող տվյալները կտրամադրվեն նաեւ «Գուգլին» և «Յանդեքսին»՝ ունենալով առավել ճշգրիտ քարտեզներ, որոնք տնտեսության շատ ուղղություններում ևս օգտագործվում են։

 

 Կոմիտեն պարտավորվել է այս ծրագիրն ամբողջ Հայաստանում ավարտին հասցնել 3 տարում՝ զուգահեռ ներկայացնելով իրավական կարգավորման նախագծերը։ Իսկ ծրագրի փորձնական կիրառումը նախատեսված է Վաղարշապատ համայնքում։ Երևանի քաղաքային իշխանությունների համաձայնության դեպքում, փորձնական զուգահեռ ծրագիր կանցկացվի նաև մայրաքաղաքի որևէ, օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանում։

 Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը կոնկրետ օրինակներ բերելով փորձեց հասկանալ, թե իրական և գործնական ինչ արդյունքներ կարող է ապահովել ծրագիրը։ Կոմիտեի ներկայացուցիչները թվարկեցին հնարավորությունները, և Սարհատ Պետրոսյանը եզրափակեց՝ եթե մեկ անգամ գործի գցեցինք այս համակարգը, նրա արդյունավետությունը զգացվելու է… Կամո Արեյանը շարունակեց՝ 100 տարի…

 

 Հաջորդ ծրագիրը, որը Կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրեց հանդիպմանը՝ հասցեների ռեգիստրի միասնականացումն է։ Եթե Երևանում հիմա քիչ թե շատ բարվոք վիճակ է այս ոլորտում, ապա մարզերում խառնաշփոթը մեծ է։ Եվ ամեն մարմին, որը հասցեների հարցում լիազորություն ունի, ինքն իր մեթոդաբանությամբ կամ ընդհանրապես դրա բացակայությամբ է վարում այդ գործը։ Կոմիտեն հունվարից կշրջանառի հասցեների միասնական ռեգիստրի վարման հայեցակարգը, որի հիմքւմ այս գաղափարն է՝ հասցեն համայնքապետարա՞նը տա, թե կադաստրը, համակարգը պետք է միասնականացված և ընդհանուր տրամաբանությամբ աշխատի։

 Հանդիպմանը ներկայացվեց նաև անշարժ գույքի գոտեւորման ծրագիրը, որը ՀՀ կառավարության որոշմամբ մշակում է հետազոտական նորաստեղծ ժամանակավոր թիմը։ Գոտիների ճիշտ և մասնագիտական քարտեզագրումը կհիմնվի գույքի շուկայական արժեքի իրական չափի վրա (իսկ սա գույքահարկի գնահատման, համայնքային ու պետական գույքի օտարման պարամետրերից է)։

 

 Քաղաքապետ Հայկ Մարությանին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հետաքրքրեց ծրագրի հատկապես սոցիալական արդարության կողմը։ Սարհատ Պետրոսյանը համաձայնեց՝ նշելով նաև, որ դա կարելի է ապահովել հենց շուկայի ռեալ իրավիճակն արտացոլող գոտեւորմամբ, ապա արդեն՝ անապահով խավին վերաբերող սոցիալ-քաղաքական որոշումներով։

 Նման քննարկումները կշարունակվեն։ Տարեսկզբից կսկսվի առաջարկվող լուծումներին պաշտոնական տեսք տալու գործընթացը։ Իսկ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում. Կոմիտեն այս անգամ կներկայացնի իր ծրագրերի մեթոդաբանությունը։

 

 

--
Լուսանկարները՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե։