Դեպի վեր
Նորություններ

08.01.2019

Տարվա առաջին խորհրդակցությանը հանձնարարականների կողքին նկատողություն էլ եղավ


. Աշխատանքն է սկսել Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումը։

. Վարչությունների պետերը պետք է այս շաբաթ Կոմիտեի ղեկավարին զեկուցեն առաջին եռամսյակում անելիքը՝ մանրամասն։    

. Ռեզերվի 9 քաղծառայողների գումարը փոխանցված է, վարչության պետին բանավոր նկատողություն է տրվել՝ մարդկային նկատառումներից ելնելով։

. Ծառայողական մեքենաների գույքագրում. խնայողությունը կշարունակվի, միջոցները կուղղվեն լավ աշխատանքի խրախուսմանը։  

 

 

 Այսօրվանից աշխատանքը սկսեց Կադաստրի կոմիտեի՝ Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումը, որը ներառում է համակարգում գործած մի քանի նախկին ստորաբաժանումներ.

 «Մեր նպատակը պարզ է՝ որակյալ և հնարավոր ռիսկերից զերծ աշխատանք», - այս տարվա առաջին խորհրդակցությանն այսօր ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Կոմիտեի ղեկավարությունը խորհրդակցությունից անմիջապես հետո ուղղվելու է Միասնական նորաստեղծ ստորաբաժանում (մանրամասները՝ շուտով)։

 

 

 Կոմիտեի վարչությունների պետերը հանձնարարական ստացան այս շաբաթվա ընթացքում ղեկավարին ներկայացնել  2019թ. առաջին եռամսյակի յուրաքանչյուր շաբաթվա համար նախատեսված քայլերն ըստ Կոմիտեի հնգամյա ծրագրի և մանրամասն։   

 Հաջորդ հանձնարարականը վերաբերում է Կադաստրի կոմիտեի հաշվեկշռում մնացած ավտոմեքենաներին ( ծառայողական ավտոմեքենաների կեսից ավելին վերադարձվել է պետությանը)։ Կոմիտեի ներկայիս «ավտոպարկի» վերահսկողությունն այսօր պաշտոնապես դրվեց տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի վրա։ Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց ավտոմեքենաների գույքագրում կատարել՝ լուսանկարներով և տվյալների բազայով, թե յուրաքանչյուր մեքենա այս տարվա հունվարի 1-ի մեկի դրությամբ տեխնիկապես ինչ վիճակում է։ Հանձնարարվեց վերլուծել և ներկայացնել տվյալներ, թե քանի վարորդ, որքան բենզին և այլ միջոցներ են անհրաժեշտ նրանց շահագործման համար.

 «Անցյալ տարի խնայողություն ենք ունեցել ոլորտում, այս տարի էլ կշարունակենք, և խնայված միջոցները դարձյալ կուղղենք աշխատակիցների խրախուսմանը»։

 

 

 

 Եվ հիշեցնելով, որ տարին ֆինանսական և մյուս բոլոր ցուցանիշներով Կոմիտեն լավ է ավարտել, Սարհատ Պետրոսյանն ափսոսանքը հայտնեց մեկ «բացթողման» առիթով՝ բանավոր նկատողություն հայտնելով ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանին։ Խոսքը հողային տեսչության լուծարումից հետո ռեզերվում գտնվող 9 քաղծառայողներին դեկտեմբեր ամսվա համար հասանելիք գումարը նույն դեկտեմբերի ամսին չվճարելու մասին է։

 «Չնայած մենք օրենքի որևէ խախտում թույլ չենք տվել, բայց ես մարդկայնորեն և բարոյապես վատ զգացի, որ մարդիկ, ինչպես իրենք պնդեցին՝ Նոր տարուց առաջ մնացել էին առանց փողի»։  

 Այսօր իսկ համապատասխան վարչությունն այդ բոլոր ծառայողներին է փոխանցել իրենց հասանելիք գումարները։