Դեպի վեր
Նորություններ

10.01.2019

Սարհատ Պետրոսյանը տարակուսեց տպիչների առատությունից ու տեսաներածման սարքերի պակասից. այց նորաստեղծ ստորաբաժանում


 

 

 Կադաստրի համակարգում նորաստեղծ ստորաբաժանման աշխատանքային առաջին օրն էր հունվարի 8-ին։ Այդ օրը խորհրդակցությունից անմիջապես հետո այնտեղ ուղղվեցին  նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարը, երեք տեղակալները և հաշվառման վարչության պետը։

 «Մեր նպատակը պարզ է՝ որակյալ և հնարավոր ռիսկերից զերծ աշխատանք», - դեռ խորհրդակցության ընթացքում խոսելով նոր միավորի մասին, ասել էր Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 

 

 Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կազմում ներառվել է նախկին 3 միավոր (Երևանի տարածքային, մարզերի միավորված և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները) ՝ 288 աշխատակցով։ Այն տեղակայվել է Կոմիտասի 35/2 շենքի առաջինից հինգերորդ հարկերում, մասամբ նաև՝ Բուզանդ 1/3 հասցեում, որտեղ պահվելու են հինգ մարզերի արխիվները։ Կոմիտասի շենքում տարածքի մոտ կեսը զբաղեցնում է արխիվների մնացած մասը, առաջին և երկրորդ հարկերում ռեգիստրներն, իսկ հինգերորդ հարկում՝ հաշվառողները։

 

 

Առաջիկա օրերին կոմիտեի ղեկավարությունը հաճախ կայցելի նոր միասնական ստորաբաժանում, որտեղ իրականացվում է անշարժ գույքի գրանցման ողջ ծավալի շուրջ 80%-ը։

 

 

 Սարհատ Պետրոսյանը զարմացավ տպիչների առատությունից և հետաքրքրվեց, թե որ մասնագետն ինչի համար է գործածում այն։ Տպավորությունը՝ տպիչների այդքան մեծ առատությունը մեկ ստորաբաժանումում անտեղի է, երբ տեսաներածման (սկանավորման) աշխատանքները երբեմն ոչ արդյունավետ են կատարվում, ինչի պատճառներից մեկը սարքերի պակասն է։ Հանձնարարեց սարքերը խելամիտ վերաբաշխել, որպեսզի այսուհետ որևէ գործարք անորակ կամ կիսատ չիրականացվի՝ ինչպես պատահել է նախկինում։

 

 

 

 Այցի ընթացքում նաև պարզվեց, որ խնդիրներ են եղել՝ կապված արդեն նախկին Մարզերի միավորված ստորաբաժանման արխիվների կարգավորման հետ. քննարկվեցին լուծումներն ու համապատասխան հանձնարարականներ տրվեցին։

--

 Լուսանկարները՝ Ն.Ա., © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե