Դեպի վեր
Նորություններ

21.01.2019

Մարդակենտրոն քաղաքականության դիմաց՝ արդյունավետ աշխատանք, որպեսզի հավակնոտ ծրագրերն իրականություն դառնան (աշխատանքային խորհրդակցություն)


 Եթե աշխատակիցներից որևէ մեկն իր աշխատավարձի հետ կապված խնդիր ունի, դա պետք է քննարկի գլխավոր քարտուղարի և ոչ թե Կոմիտեի ղեկավարի կամ ֆինանսական վարչությունից որևէ մեկի հետ.

 «Գլխավոր քարտուղարն է, ով համաձայնեցնում է բոլոր աշխատավարձերը և խրախուսումները. նա է լուծում և լուծելու այդ բոլոր խնդիրները»,- երկուշաբթի խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 

 

 Աշխատավարձն՝ ամիսը մեկ անգամ

 Քանի որ համակարգում աշխատավարձի փոխանցման նոր կարգ է ներդրվել, Պետրոսյանը ֆինանսատնտեսական վարչության պետ Արթուր Թովմասյանին հանձնարարեց բոլորին մեկ անգամ ևս պատշաճ կերպով ծանուցել այդ մասին, որպեսզի տեղյակ լինեն՝ իրենց ֆինանսական հարցերն ավելի ճիշտ կազմակերպելու համար, այդ թվում՝ վարկ մարողները։

 Կոնկրետ կարգի մասին առանձին հրապարակում կլինի, հիմա հարկ է իմանալ՝ աշխատավարձն այսուհետև փոխանցվելու է ամիսը միայն մեկ անգամ, յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում և ենթադրելու է աշխատավարձ ու դրան հավասարեցված մյուս վճարումները։ Սա նշանակում է, որ համապատասխան վարչությունը նախորդող ընթացակարգերը ևս պետք է ժամանակին իրականացնի, որպեսզի «մարդիկ ճիշտ նշված օրը ստանան գումարը»։

 

 

 «Թույլ չենք տա, որ մեկը շատ աշխատի, մյուսը՝ քիչ, բայց երկուսն էլ ստանան նույնչափ խրախուսում»

 Յուրաքանչյուր ամիս առանձին խորհրդակցություններ են լինելու Կոմիտեի ղեկավարության և բաժինների պետերի հետ։ Այս շաբաթն այդպիսի խորհրդակցությունների շաբաթ է, և վարչությունների կամ բաժինների պետերը պետք է ներկայացնեն 2019թ. առաջին եռամսյակում իրենց անելիքը, վարչության աշխատակիցների ցանկը (համակարգում աշխատանքի անցնելու տարեթիվը, մասնագիտական փորձառությունը Կոմիտեում, պաշտոնի անձնագրով նախատեսվածն ու նրա կատարած աշխատանքը… )։

 «Կենտրոնական ապարատի բոլոր աշխատողներին մեկ առ մեկ անդրադառնալու և հետևություններ ենք անելու։ Օբյեկտիվ ու շատ բաց քննարկելու ենք՝ էս մարդիկ մեզ պե՞տք են, թե պետք չեն»։

 Վարչությունների և բաժինների պետերը նույն քննարկումներին այս շաբաթ պետք է ներկայացնեն նաև առաջարկություններ վարչության, բաժնի գործառույթի, անվանման փոփոխության շուրջ, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում են.

 «Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կոմիտեի կառուցվածքի և կանոնադրության վերանայում կարող ենք մեզ թույլ տալ»։

 Իսկ քննարկումներից հետո պետք է տրվեն այս հարցերի պատասխանները՝ ա) մեզ արդյո՞ք պետք են այսքան վարչություններ, բ) նրանց անվանումներն իրենց իրական գործառույթների հետ կապ ունե՞ն, թե պետք է փոխվեն, գ) արդյո՞ք այդ վարչություններն այդքան աշխատողի կարիք ունեն։ Դրանից հետո կանցկացվի ատեստավորում.

 «Եվ կհասկանանք՝ կա՞ն արդյոք այստեղ «միայն կոֆե խմողներ», ու արդյո՞ք այդ մարդիկ մեզ պետք են… Մեր ուշադրության թիրախում է աշխատողը, մարդակենտրոն քաղաքականություն ենք վարում այստեղ, բայց թույլ չենք տա, որ մեկը շատ աշխատի, մյուսը՝ քիչ, բայց երկուսն էլ ստանան նույնչափ խրախուսում։ …Քիչ աշխատողը կարող է տեսաներածողի գործ անել, մենք տեսաներածողների կարիք ունենք։ Իսկ այստեղ կմնան այն մարդիկ, որոնք կնպաստեն մեր առջև դրված հավակնոտ խնդիրների լուծմանը»։

 

 

                  Գնահատական յուրաքանչյուրին՝ ամսվա վերջում

 Հաշվի առնելով այն հավակնոտ խնդիրները, որոնք իր առջև դրել է Կադաստրի կոմիտեն, ղեկավարը, տեղակալները և գլխավոր քարտուղարն այսուհետև ամեն ամսվա վերջին գնահատելու են յուրաքանչյուր ստորաբաժանման և վարչության, դրա ղեկավարի, ինչպես նաև առանձին աշխատակցի աշխատանքը։ (Սա չի նշանակում, որ վերանալու է արդեն ներդրված այն նոր ձևը, որով ստորաբաժանման ղեկավարը եռամսյակը մեկ խրախուսման է ներկայացնում իր աշխատակցին)։

 Գնահատականը երկու բաղկացուցիչ է ունենալու՝ կարգապահություն և աշխատանքի արդյունք։

 Կոմիտեի ղեկավար կազմը հատկապես պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում շաբաթօրյա աշխատանքին։ Համակարգի աշխատակիցները պետք է շաբաթ օրերին հասանելի լինեն հեռախոսով ու անպայման ստուգեն աշխատանքային էլեկտրոնային փոստը, պատասխանեն նամակներին։ 

 Հավելյալ աշխատանքը փոխհատուցվում է։ Սակայն այդ աշխատանքը չպետք է ինքնանպատակ ու անիմաստ լինի.

 «Ասենք թե մեկը մինչև ժամը 20-ը մնաց շենքում։ Բայց բոլորս հասկանում ենք, որ «կարտ խաղալու» կամ «շարիկ գլորելու» մասին չի խոսքը։ Այդ աշխատանքը պետք է հստակ արդյունք ունենա,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ հիշեցնելով վարչապետի խոսքը, որ «պետական համակարգը չպետք է լինի հեշտ աշխատելու տեղ»։

 Կոմիտեի ղեկավարն առաջարկեց արձանագրել՝ Կադաստրի համակարգում աշխատանքային օրը ժամը 9-ից պետք է միացած լինի աշխատողի համակարգիչը, և նա այդ ժամից պատրաստ լինի քաղաքացի ընդունելու, նամակների պատասխանելու.

 «Երեկոյան ժամը 5։59-ին նա պետք է պատասխանի վերջին նամակին, սպասարկի վերջին  քաղաքացուն, ժամը 6-ին կամ 6։10 նոր դուրս գա շենքից»։

 Տեսախցիկներով հետևելով ստորաբաժանումների աշխատանքին, Պետրոսյանը նկատել է 5։50-ին աշխատավայրը լքողների, իրեն բացատրել են, որ նրանք մարզեր վերադարձողներն են.

 «Այս առիթով հիշեցնեմ, որ մենք բարեգործական կազմակերպություն չենք։ Ովքեր մարզերից համաձայնել են գալ այստեղ աշխատելու, նրանք այն մարդիկ են, որոնք պետք է աշխատեն ժամը 9-ից 6-ը»։

 Ավելացրեց, որ այս ամենը խիստ կերպով վերահսկվելու է, և ամսվա վերջում ազդելու աշխատակցի գնահատականի վրա։ Իսկ հարգելի պատճառով ուշացումները և բացակայությունները պետք է լինեն գլխավոր քարտուղարի իմացությամբ և համաձայնությամբ։

 

   Սուրճի ավտոմատ սարքը հանվել է, ծառայողական քննություն է ընթանում

 Սպասարկման և մեթոդաբանության վարչության պետ Դավիթ Ավետիսյանն այսօրվա խորհրդակցությանը զեկուցեց, որ Կադաստրի Վանաձորի գրասենյակից ապամոնտաժվել է սուրճի ավտոմատ սարքը, գրասենյակի պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, նա կանչվել է բացատրության, քննությունը դեռևս ընթացքի մեջ է։

 Մասնավոր ընկերության սպասարկման ներքո գտնվող սարքը Կոմիտեի ղեկավարի հերթական այցին էր հայտնաբերվել պետական գրասենյակում, այնտեղ նախ ասել էին, որ չգիտեն, թե «ով է աշխատեցնում»։ Ինչպես նման էլի մի քանի դեպքերում, նաև պարզվել էր, որ դրա գործունեության համար Կադաստրի կոմիտեի համաձայնությունը չկա։ Սարհատ Պետրոսյանը նախորդ խորհրդակցությանն ասել էր, որ շատ խիստ է լինելու այս և նման հարցերում։ Այսօր նշեց, որ իր տեղեկություններով, Վանաձորի գրասենյակից հանվելուց հետո սարքը տեղադրվել է պարզապես շենքի դիմաց՝ նույն մայթին։ Հանձնարարեց ստուգել, ու եթե իրոք Կադաստրի գրասենյակի մայթին է, դիմել տեղադրողին՝ այդտեղից սարքը հանելու. իսկ եթե չհանի, դիմել մայթի սեփականատիրոջը՝ Վանաձորի քաղաքապետարան. 

 «Եթե այդտեղ մասնավոր մեծ խանութ լիներ, հաստատ խնդիր կառաջանար։ Եկեք չընկնենք այն հին սխալ մտայնության մեջ, որ մասնավորից չի կարելի «թռցնել», իսկ պետությունից կարելի է։ Մենք արդեն 7 ամիս է՝ փոխում ենք այդ մտածելակերպը, սրտացավ ենք ու պատասխանատու պետական ունեցվածքի համար, և հետևողական ենք լինելու մինչև վերջ։

 

 

 Ծառայողական մեքենայի համար՝ միայն գրավոր

 Ծառայողական ավտոմեքենաների վերանորոգմանը և բենզինի ստացմանն առնչվող բոլոր խնդիրները ոչ թե բանավոր, այլ գրավոր պետք է լուծվեն Կադաստրի համակարգում.

 «Եթե հիմնարկը պետք է փոխի կամ նորոգի մեքենայի որևէ մաս կամ թեկուզ խազ, այդ հարցը չի կարող բանավոր լուծվել»։

 Իսկ ստացած բենզինի համար գրավոր հաշվետվություն պետք է տալ, թե քանի կմ ճանապարհի վրա է այն ծախսվել։

 

 

 Սեփական մոխրամանը տանել տուն և աշխատասենյակում չծխել

 Կոմիտեի շենքում և հատուկ առանձնացված ծխարանում ծխել-չծխելու կանոնների մասին մեկ անգամ ևս զգուշացնելուց հետո Պետրոսյանը հիշեցրեց, որ աշխատասենյակներում ծխելը խստիվ արգելվում է, և որ դարձյալ մոխրամաններ է տեսել որոշ սենյակներում.

 «Պարզ չի՞ ինչի համար են դրանք, իսկ եթե նույնիսկ «դեկորացիա» է պարզապես, տարեք ձեր տուն… Ամաչում եմ արդեն, 20-30 հասուն մարդ այստեղ նստած պարբերաբար ծխելու մասին ենք խոսում, բա մնացած ավելի քան 900-ի հետ ո՞նց եք անելու»։

 Աշխատանքային մյուս խորհրդակցությունը հաջորդ երեքշաբթի կլինի, քանի որ երկուշաբթին՝ հունվարի 28-ը, ոչ աշխատանքային օր է։ Բոլոր ոչ աշխատանքային երկուշաբթիների դեպքում խորհրդակցությունները տեղափոխվում են հաջորդ աշխատանքային օրը՝ նույն ժամին։

--

Լուսանկարները՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե