Դեպի վեր
Նորություններ

29.01.2019

Մարտի 11-ից 30-ը գեոդեզիայի թեմաներով մասնագիտական դասընթաց կանցկացվի


 Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է մասնագետների վերապատրաստման և որակավորման դասընթաց՝ «Գեոդեզիա, տեղագրական և կադաստրային հանութագրում» թեմայով։ Մասնակիցները գործնականում կտիրապետեն գեոդեզիայում ներկայումս օգտագործվող՝ էլեկտրոնային տախեոմետրերով և GPS ռովեր կայաններով աշխատելու ունակությունների, այդ գործիքներով չափագրված տվյալների մշակման գրասենյակային աշխատանքի հնարավորություն կունենան:

 Դասընթացը կմեկնարկի մարտի 11-ին և կանցկացվի 3 շաբաթ, ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական բաժնում (Երևան, Կոմիտասի պող., 35/2 շենք, 12-րդ հարկ)։ Աշխատանքային օրերին դասերը կկազմակերպվեն ժամը 18։30-ից 20։30-ը, շաբաթ օրը՝ 12։00-ից 16։00-ն։ Դասընթացն ավարտողները կստանան մասնակցության հավաստագիր, իսկ ցանկացողները կհանձնեն թեստային քննություն, կստանան հավաստագիր: Նախատեսված է 15 ժամ տեսական դասընթաց և 15 ժամ գործնական աշխատանք։

 

 Դասընթացի վճարը 40 հազար դրամ է (ԱԱՀ-ը՝ ներառյալ):

 Թեմաներն են՝ 
1. ընդհանուր տեղեկություններ գեոդեզիայի և քարտեզագրության մասին,
2. ՀՀ ազգային գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերի կառուցվածքը և դրանց հիմնադրույթները,
3. ՀՀ տարածքի քվազիգեոիդի ստեղծման սկզբունքները և դրա կիրառման անհրաժեշտությունը հանութագրման ոլորտում,
4. էլեկտրոնային տախեոմետրի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
5. GPS ռովեր ընդունիչ կայանի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,
6. կադաստրային դաշտային հանութագրման աշխատանք,
7. տեղագրական դաշտային հանութագրման աշխատանք,
8. ստորգետնյա հաղորդակցուղիների հանութագրման աշխատանք,
9. աերոնկարների գրասենյակային և դաշտային վերծանում,
10. կադաստրային հանույթների թվայնացում,
11. տեղագրական հանույթների թվայնացում,
12. ստորգետնյա հաղորդակցուղիների հանութագրված նյութերի թվայնացում:

 Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ՊՈԱԿ-ի ընդհանուր բաժին. հեռ՝ 010 - 540166։