Դեպի վեր
Նորություններ

29.01.2019

Վարչությունների պետերի ինստիտուտը զարգացնելու ծրագիր կա (աշխատանքային խորհրդակցություն)


 Իրենց պաշտոնները թողնելու դիմումներ են ներկայացրել Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն ու սպասարկման վարչության պետ Դավիթ Ավետիսյանը (տեղակալը նշանակվում և ազատվում է Հանրապետության վարչապետի որոշմամբ, վարչության պետը՝ Կոմիտեի ղեկավարի)։ Մինչև կկայացվի Կոմիտեի ղեկավարի տեղակալի նշանակման քաղաքական որոշումը, Սարհատ Պետրոսյանը վերաբաշխեց նրա և վարչության պետի լիազորությունները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ժամանակավորապես կհամակարգի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, անշարժ գույքի գնահատումը և համակարգված դիտարկումը՝ Աշոտ Մուսայանը, իսկ գրասենյակների սպասարկման խնդիրներն առայժմ կհամակարգեն Կոմիտեի ղեկավարը և գլխավոր քարտուղարը։ 

 «Ճիշտն ասած, ես ցանկություն ունեի աշխատելու և Արման Պետրոսյանի, և Դավիթ Ավետիսյանի հետ, բայց ստացվեց այնպես, որ համագործակցությունն ինչ-որ պահի ընդհատվեց»,- աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին ասաց Կոմիտեի ղեկավարը՝ կարծիքը փոխանցելով, որ նրանց երկուսի փորձը համակարգում կամ կից ոլորտներում օգտագործելու լուծումներ պետք է գտնել։ Սարհատ Պետրոսյանն ապա խոսեց այն մասին, որ, իհարկե, համակարգում կան մարդիկ, որոնց փորձն անգնահատելի է, բայց. 

 «Չկան անփոխարինելի մարդիկ՝ սկսած ինձանից։ Մեզանից յուրաքանչյուրը վաղը կարող է այստեղ չլինել, բայց բոլորս մինչև վերջ պարտավոր ենք ամեն ինչ անել հանուն համակարգի, որպեսզի, նախ՝ առիթի դեպքում հանգիստ խղճով թողնենք այն, ապա՝ որպեսզի մեր որևէ քայլի համար չզղջանք»։

 Կոմիտեի ղեկավարն այսօրվա խորհրդակցությանը խոսեց նաև ներսում կառավարման կոշտ բրգաձև համակարգն առավել հորիզոնական դարձնելու՝ վարչությունների պետերի ինստիտուտը զարգացնելու, նրանց դերն ու պատասխանատվությունը մեծացնելու ծրագրերի մասին։

 «Նախկինում առիթ ունեցել եմ այդ մասին թե′ խոսելու, թե′ գործով ցույց տալու։ Մենք պետք է ձգտենք ունենալ մոտ 15 հոգանոց ուժեղ թիմ, որում ամեն մեկն իր գործը գերազանց է անում և օպերատիվ կերպով»։

 Ինչ վերաբերում է օպտիմալացման հարցերին. ՀՀ կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերի օրինակով, Կոմիտեում ծառայողական մեքենաների վարորդների թվակազմի՝ նախկինում արդեն քննարկված  հարցը նույնպես կստանա իր տրամաբանական լուծումը։ Ուսումնասիրելու և առաջիկա օրերին լուծում առաջարկելու հանձնարարականը տրվեց գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին. 

 «Իմ կարծիքով, խնդիր կա, որ մեր 6 վարորդներն օրվա ընթացքում բոլորը միասին 10-12 ժամ են աշխատում»,-ասաց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ նույն տրամաբանությունը պետք է լինի բենզինի բաշխման հիմքում.

 «Կամաց-կամաց պետք է հասնենք այն բանին, որ բենզինի տրամադրումը չդառնա խրախուսանքի պես մի բան, այլ բաշխվի միմիայն ավտոմեքենայի անցած  կիլոմետրերի չափով»։

 Իսկ նախորդ շաբաթ Կոմիտեն ավարտեց իր 30 ծառայողական ավտոմեքենաները պետությանը վերադարձնելու գործընթացը, իսկ ևս 3 ավտոմեքենա կտրամադրի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։

 

 

 

 

 


 [SP1]Ճշտել անվանումը