Դեպի վեր
Նորություններ

04.02.2019

Վերջին շրջանի մի քանի դեպքեր հուշեցին՝ նախկին սխալներն ուղղելու ժամանակն է. աշխատանքային խորհրդակցություն


 

 «Նկատի ունենալով Օպերային շենքի շրջակա երկու սրճարանների վերաբերյալ Կոմիտեի դիրքորոշումների ճշտումը, ինչը վերջերս 1-2 շաբաթ քննարկեցինք նաև արդարադատության նախարարության հետ, ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի շատ կարևոր հարցի վրա»,- այսօրվա խորհրդակցության ավարտին ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 

 

 Տեղակալներին և վարչության պետերին նա հանձնարարեց չվարանել և վերանայել Կոմիտեի՝ նախկինում հայտնած այն դիրքորոշումները, որոնց մեջ «ժամանակին ինչ-ինչ պատճառներով սխալ է եղել»։ Դա վերաբերում է ցանկացած փաստաթղթի՝ լինի գրությո՞ւն, տեխնիկական առաջադրա՞նք, իրավական ակտի նախագի՞ծ…, և ցանկացած ոլորտի՝ լինի գրանցմա՞ն, հողի նշանակության փոփոխությա՞ն, թե մի այլ.

 «Ինձ շատ գրություններ են գալիս այսպիսի բովանդակությամբ՝ երկար ժամանակ պայքարել ենք Կադաստրի անօրինականությունների դեմ, հիմա դիմում ենք, նորից նույն պատասխանն ենք ստանում»։

 Պետրոսյանը թարմ երկու դեպք առանձնացրեց, երբ Կոմիտեն՝ ելնելով «ավանդաբար եկած մոտեցումից» պնդել է իր նախկին դիրքորոշումը, բայց հետո պարզվել է, որ այն իրականում սխալ է եղել։

 «Սխալն ուղղելու մեջ ոչ մի վատ բան չկա, հիմա իսկը ժամանակն է դա անելու։ Իսկ եթե պնդաճակատություն անենք, թե՝ մենք ճիշտ էինք, ճիշտ էինք, բայց հետո պարզվի, որ ինչ-որ մի կետում սխալ էինք, այս սխալը մեզ վրա ավելի թանկ է նստելու, և մեր պատասխանատվությունն ավելի ծանր է լինելու։ Ինչքան շուտ փոխենք սխալ դիրքորոշումները, այնքան ավելի պարզ ճակատով կարող ենք ասել՝ ուղղեցինք»։