Դեպի վեր
Նորություններ

11.02.2019

Սարհատ Պետրոսյան՝ Եթե մեր աշխատակիցը մեղավոր է, պատասխան պետք է տա, բայց եթե ոչ՝ մինչև վերջ կպաշտպանենք նրան. աշխատանքային խորհրդակցություն


 . Կառավարության հանձնարարականը վերահաստատում է Կոմիտեում իրականցվող բարեփոխումները։

 . Կադաստրի կոմիտեն մինչև վերջ կպաշտպանի իր աշխատակցին, եթե վստահ լինի, որ նա անմեղ է։

 . Ներքին տեղափոխություններ Կոմիտեի շենքում. քննարկվում է ղեկավարի հանգստի սենյակը նույնպես աշխատասենյակի վերածելու հարցը։

 

 Աշխատանքն արդար, արդյունավետ և ճիշտ կազմակերպելու համար՝ կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ… Կադաստրի համակարգում վերջին ամիսներին իրականացվող այս քայլերը նաև դժգոհությունների և քննադատության տեղիք են տվել։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցությանը փոխանցեց, որ այսօր արդեն առավել քան վստահ է այդ քայլերի ճշմարտացիության մեջ, քանի որ նախորդ շաբաթ կառավարությունից ստացված հանձնարարականով ամրագրվում և հիմնավորվում  է դրանց անհրաժեշտությունն արդյունավետ աշխատանքի կազմակերպման, հանրային բարիքի արդյունավետ օգտագործման համար։

 Պետրոսյանը Կոմիտեի միավորների ղեկավարներին (ՊՈԱԿ, ստորաբաժանումներ, գրասենյակներ) հորդորում է եզրահանգումներ անել՝ մինչև 2019 թվականի մարտի 31-ը գործող համակարգերը պետք է համապատասխանեցված լինեն սահմանված պահանջներին։

 

 

 ՀՀ քննչական կոմիտեի Երևանի վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնում Կադաստրի աշխատակցին առաջադրված մեղադրանքին անդրադառնալով, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ անկախ գործի բնույթից, Կոմիտեն շատ հստակ դիրքորոշում ունի.

 «Չենք փորձելու օդի մեջ առաջ տանել գերատեսչական շահը և մեր աշխատակցին պաշտպանել հենց այնպես՝ պաշտպանելու համար։ Եթե նրա մեղքը կա, պատասխան պետք է տա։ Իսկ եթե վստահ ենք, որ մեր աշխատակիցը մեղավոր չէ (մի շարք գործընկերներ վստահ են, որ այստեղ նրա մեղքը չկա), մենք օրենքի շրջանակում մինչև վերջ պաշտպանելու ենք մեր աշխատակցին»։

 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին օրերս մեղադրանք է առաջադրվել՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու քրեական հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ (Ըստ գործի նյութերի, բողոքը վերաբերում է քաղաքացու անշարժ գույքի տեղն էլեկտրոնային քարտեզում նույնացնելուն բնության մեջ եղածին):

 Մեղադրանքի հարցը Կոմիտեի ղեկավարությունն այսօր առանձին ևս քննարկեց։ Իսկ խորհրդակցության ընթացքում Սարհատ Պետրոսյանն այսպես եզրափակեց խնդիրը.

 «Բոլորս հիշենք, որ մեր ամեն կազմած փաստաթղթի համար պատասխանատու ենք»։          

 

 Կադաստրի կոմիտեի շենքում այսօրվանից «մեծ տեղափոխություններ» են սկսվում։ Այս շաբաթ դրանք կսահմանափակվեն ֆինանսատնտեսագիտական վարչության տարածքներով։ Շուտով Կոմիտեի հիմնական շենք կտեղափոխվեն նաև այն վարչությունները, որոնք Կոմիտասի մասնաշենքում են տեղակայված։ Առանձին աշխատասենյակների վերաբերյալ միասնական մոտեցմամբ, վարչությունների պետերն ունենում են այդպիսիք, բաժնի պետերը՝ ոչ։ Առաջիկայում առանձին աշխատասենյակներից կտեղափոխվեն 3-4 բաժինների պետերը, որոնց համար ակամայից բացառություն էր ստացվել։ Առանձին աշխատասենյակ չեն ունենա նաև Կոմիտեի ղեկավարի օգնականները։ Քննարկվում է ղեկավարի հանգստի սենյակը ևս աշխատասենյակի վերածելու հարցը։ 

--

   Լուսանկարները՝ © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե։