Դեպի վեր
Նորություններ

18.02.2019

Ամեն ինչ անում ենք, որ համակարգը ճշգրիտ ժամացույցի նման աշխատի, ով չի ուզում՝ կարող է հեռանալ


 «Իմ ծնողները դատարանով են փորձում լուծել իրենց սեփականության վկայականում տառասխալի հարցը։ Լևոն Մելիքյանը նույնպես կադաստրային դատական անձնական գործերի մեջ է։ Այդ նշաձողը ձեզ համար էլ է գործում»,- Կադաստրի գրասենյակների մի քանի տասնյակ պետերին փոխանցեց Սարհատ Պետրոսյանը։ 

 

 

 

 


 Գրասենյակների համար պատասխանատու վարչության աշխատանքի համակարգումը ստանձնում է Կոմիտեի ղեկավարը։ Այս պաշտոնում նշանակվելուց հետո վեց ամիսներին Սարհատ Պետրոսյանն այցելել է Կադաստրի բոլոր 40 սպասարկման գրասենյակներ, բայց փետրվարի 16-ին առաջին անգամ էր, որ բոլոր գրասենյակների պետերը միաժամանակ հրավիրված էին Կոմիտե։ 

 


 «Այս 6 ամիսներին մեծ փոփոխություններ են եղել համակարգում, ինչը «դրսից» էլ է նկատվում։ Բայց ինքս գոհ չեմ։ Չգիտեմ, գուցե մենք ինչ-որ բան այն չենք արել, բայց այսօրվանից մեր պահանջները խստանում են, դուք դա կզգաք հենց երկուշաբթի օրվանից, երբ աշխատանքի գնաք»։


 


 

 
 Հիշեցնելով պետական կառավարման համակարգի օպտիմալացման շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ գրասենյակների թիվը կրճատելու քաղաքականություն չկա, հակառակը՝ ևս հինգ նոր գրասենյակ ունենալու հարցն է քննարկվում, բայց անարդյունավետ և «անիմաստ» գրասենյակներ չեն լինելու, օրինակ, այնպիսիք, որոնք «երկու հոգով օրական մեկ ու կես դիմում են սպասարկում»։

 

Գրասենյակների օպերատորները չեն կրճատվելու, բայց պետեր՝ հնարավոր է.

 


 «Ոմանք այդ պաշտոններում տարիներ շարունակ «մինի ֆեոդալներ» ու «տասովշչիկներ» են եղել։ Մեր պահանջներն ուրիշ են, գիտեք։ Այդպիսիք կամ ովքեր գործ չեն անում, ովքեր վարկաբեկում են համակարգը, կա՛մ ազատման դիմում են գրում ու հեռանում, կա՛մ մենք կգնանք մինչև վերջ՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կանչելը, եթե այդպիսի հիմքեր հայտնաբերենք։ Տունտունիկ խաղալ չկա՛…Եվ, էլի եմ ասել, եթե մեր աշխատակիցը մեղավոր է, մեր ամենափոքր պաշտպանությունն անգամ չի ստանա, իսկ եթե անմեղ է, մենք նրան կպաշտպանենք մինչև վերջ»։ 

 


 

 
 Գործավարության նոր կարգն առաջիկա շաբաթվա ընթացքում կհաստատվի։ Պետրոսյանը հորդորեց ուշադիր կարդալ այն և հետևել կանոններին.

 


 «Դա լինելու է ձեր աշխատանքի սահմանադրությունը»։ 

 

 
 Առանձին գլխում սահմանված են բարեվարքության (էթիկայի) կանոնները։ Իսկ ինչը չկա այդ կանոններում, բայց կնպաստեր որակյալ աշխատանքին, գրասենյակների պետերին առաջարկեց կիրառել ինքնուրույն։ (Երևույթների մասին խոսելիս Սարհատ Պետրոսյանը կոնկրետ օրինակներ էր բերում, բայց անունները շրջանցենք)։

 


 «Դոշակ-մոշակ, սրճեփներ, բուսաբանական այգիներ, դահլիճի մեջտեղում՝ էլեկտրական սալօջախ, փոսերով լի ու մութ միջանցք, էլ չեմ ասում՝ նարդի… Մի տեղ էլ տեսանք, լավ հավաքվել էին տղերքը, խանգարեցինք… Այսպիսի բաներ չե՛ն լինելու»։

 

 
 Նոր համազգեստի վերջնական ձևավորման փուլն է։ Իսկ տեխնիկայի գնումներն արված են։ Շուտով կսկսվի գրասենյակների վերանորոգման ու պատշաճ հարդարման աշխատանքը։ Առաջինը Երևանում և Արարատի մարզում գործող գրասենյակների հերթն է։ Կոմիտեի ղեկավարի բնորոշմամբ, գրասենյակը լավագույն բանկին չպետք է զիջի, իսկ պետը՝ նման բանկի ղեկավարի պահվածքին։ Ինչ վերաբերում է աշխատանքային ժամերին, Կադաստրի սպասարակման գրասենյակում առավոտյան ժամը 9։00-ին համակարգիչը պետք է միացված լինի, պատրաստ՝ սպասարկելու, իսկ ժամը 18։00-ից նոր պետք է սկսել պատրաստվել հեռանալուն։ Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է իր այցին կես ժամ սպասել մի գրասենյակի դիմաց.

 


 «Ո՛չ աշխատակիցը կար, ո՛չ պետը… Շարունակելու ենք ստուգել, այցերից բացի, ես տեսախցիկներով եմ ամեն ինչ տեսնում»։

 

 
 Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս հանձնարարեց լրջորեն վերաբերվել շահերի բախման դեպքերին, դադարեցնել դրանք ծնող հանգամանքները՝ սկսած միաժամանակ չափագրող կամ նույն գրասենյակում ընտանիքի անդամներով աշխատելուց, մինչև սուրճի՝ «մտերիմ-ծանոթ-բարեկամի» չթույլատրված սարքի ծառայությունները։ Ամենաուշն ապրիլ ամսին օրենսդրական կարգավորում կստանա «կնիքի պահանջի վերացումը»։ Կադաստրի յուրաքանչյուր գրասենյակում մեկ կնիք պետք է մնա՝ փաստաթղթերի պատճենները կնքելու համար։ Մնացած կնիքները պետք է հանձնել.

 


 «Բայց այնպես չլինի, որ այդ մեկ կնիքը դնեք չհրկիզվող պահարանում, բանալին էլ գրպանում՝ հեռու տեղ գնաք կամ ձեր տուն տանեք»։ 

 

 
 Բոլոր գրասենյակներն ապահովվելու են լրացուցիչ համակարգիչներով, որպեսզի որևէ մեկի խափանման դեպքում աշխատանքը կանգ չառնի։ Ինչ վերաբերում է առանց ընդմիջման աշխատանքին, այն գրասենյակներում, որտեղ աշխատանքը շատ է, այդտեղ աշխատողները պետք է մեկ-երրորդի հերթագայությամբ գնան ընդմիջման։ Այսինքն, շաբաթը հինգ օր գրասենյակներում պետք է ապահովվի անխափան ու որակյալ աշխատանքը.

 


 «Գիտեք, որ փորձում ենք որակյալ աշխատանքը խրախուսելու ճիշտ ձև գտնել։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այս համակարգը ճշգրիտ ժամացույցի նման աշխատի։ Իսկ ովքեր չեն ուզում կամ չեն կարող, կարող են գնալ, վերապատրաստվել, ուրիշ աշխատանքի անցնել»։ 

 

 
 Սպասվում է գրասենյակների պետերի տեղափոխում. նրանց մոտ կեսը, ովքեր երկար են աշխատել նույն գրասենյակի պետ, այդ պաշտոնով կփոխադրվեն այլ գրասենյակներ.

 


 «Երկար աշխատելով, տեղի «մտերիմների» խաթրից դուրս չգալու գործոնն էլ է աշխատում։ Նախկինում նրանց հարցերը «որևէ ձևով» լուծվել են, հիմա այդպես չի լինելու։ Դուք էլ բաց ճակատով կաշխատեք, նման առիթներ չեն լինի»։

 

 
 Պետրոսյանը խոսեց նաև ուրիշի «անձնական հաշվից» կադաստրի էլեկտրոնային համակարգ մտնելու պատժելիության մասին և տեղեկացրեց, որ դա արդեն վերահսկելի է հատուկ ծրագրով։ Ինչ վերաբերում է «Թեժ գծի» աշխատանքի թերություններին, առաջարկեց միառժամանակ սպասել, մշակվում է «զանգերի կենտրոն» ստեղծելու ծրագիրը, որն ավելի կատարյալ կլինի։ 

 


 Կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի խոսքով, «համակարգի ապակենտրոնացում» չի նշանակում, թե Կոմիտեում տեղյակ չեն գրասենյակների խնդիրներին։ Բայցև հորդորեց նախաձեռնողական լինել։ Նոյեմբեր ամսից բոլորը ծանուցված են՝ ներկայացնելու իրենց գրասենյակների տեխնիկական և նյութական մյուս կարիքները, ընդհուպ մինչև ամենատարրական միջոցները.

 


 «Մի քիչ հետամուտ եղեք ձեր կարիքներին։ Շատերը գրել են մանրամասն, ոմանք՝ ոչ։ Ամենատարրական բաներն անգամ պետք է գրեք։ Պետն իր հաշվին օճառ կամ գրիչ չպետք է գնի գրասենյակի համար»։

 

 

 

 
 Մտքերի փոխանակման ժամանակ հյուրերը ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները։ Վանաձորի գրասենյակի պետ Տարոն Ապրեսյանն առաջարկեց նման հավաքներ հրավիրել գոնե երեք ամիսը մեկ, կազմակերպել աշխատակիցների դասընթացներ։ Նա նաև իր ցանկությունը հայտնեց, որ Կոմիտեից այցերը ոչ թե ստուգայցերի վերածվեն, այլ եկողները փորձեն հասկանալ, թե ինչ խնդիրներ կան տվյալ գրասենյակում։ Ապրեսյանը կարևոր համարեց նաև որակյալ աշխատանքի համար աշխատակիցներին շահագրգռելը, ինչին ի պատասխան Սարհատ Պետրոսյանը հիշեցրեց, որ վերջին չորս ամիսներին բոլորը 25 տոկոս պարգևավճար են ստացել։

 


 Իրավախորհրդատուների դժվար աշխատանքի մասին ևս խոսք բացվեց։ Պետրոսյանն ասաց, որ, այո, նրանց աշխատանքը ևս խրախուսանքի արժանիների խմբում է, և որ Կոմիտեի ղեկավարությունը մտածում է որակյալ աշխատանքը գնահատելու «գործիքներ» գտնելու մասին։ Գրասենյակներում հավաքարարի աշխատանքի շուրջ ևս հարցեր եղան. նրանց աշխատավարձը կբարձրացվի, և միաժամանակ կբարձրանան հավաքարարի աշխատանքի նկատմամբ պահանջները։

 

--

Լուսանկարները՝ Ն.Ա., © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե